Նար-Դոս | Մեր թաղը | համառոտ



Ինչպես բժշկեցին
Մեծ ու փարթամ քաղաքի ծայրամասերից մեկի թաղը: Իրար վրա թափված տնակներ, որոնցից մեկը ջուլհակ Թորոսի խրճիթն է: Մի ժամանակ նա նստում էր դազգահի առջև, մաքոքը հինածի միջով մի ձեռքից մյուսն էր գցում, ու վաղ առավոտից մինչև գիշեր խրճիթի խոր լռության մեջ լսվում էր ճախարակի միալար ճռճռոցը: Այժմ ծերացել է: Կինը վաղուց է մահացել: Նրան պահում է մոտ 30 տարեկան աղջիկը՝ Մարթան, որը չի ամուսնացել միայն նրա համար, որ ծեր հայրն անտեր չմնա: Նա ողջ օրը հինած է գործում: Ծիծաղ, ուրախ տրամադրություն ասածը կարծես բնավ ծանոթ չէ նրան: Ծանրաբարո է, սակավախոս, միշտ զգաստ, լուրջ, կենտրոնացած իր ներքին աշխարհի մեջ: Զարմանալի աստվածավախ կին է, հավատում է սրբերին, որոնցից ամենապաշտելին ս. Գևորգն է: Ծոմ է պահում սրբի տոնի շաբաթին, հավատում է դևերի ու սատանաների գոյությանը: Մի օր մահանում է Թորոսենց ազգականներից մեկի թոքախտավոր տղան՝ Դարչոն: Մարթային տանում են, որ օգնի սևեր կարելու սգավորների համար: Երեք օր ու գիշեր մնում է մեռելատանը: Տուն է գալիս, ուզում է ճրագը վառի, ճչում է: Հայրը հասնում է: Մարթայի աչքին երևում են շներ ու կատուներ, որոնք քրքրում են միսը թախտի տակ: Ասում է, թե Դարչոյենց մոզու միսն է, որը պիտի տանեին Բոլնըսի ս. Գևորգում մորթեին, որ Դարչոն լավանար: Նույն մոզին մորթել են քելեխին: Մի քանի օր անց Մարթան դարձյալ տեսիլք է ունենում, ինքն իրեն խոսում, ծամածռություններ անում, լաց լինում: Հայրը հարևաններին օգնության է կանչում: Խարազ Պետոյի այրի կնոջ՝ Օսանի առաջարկով կանչում են գրբաց և հեքիմ Գրիգորին, որի մասին լեգենդներ են պատմում: Սրան կլորիկ գումար են տալիս, որից հետո նոր միայն համաձայնում է գալ: Կարդում է «Սողոմոնի գրքից», հայտնում, թե նրա փորը երեք հատ սատանաներ են մտել, ուզում են տանեն Թամարին, ջուրը գցեն: Մի երեխայի են ներս բերում, թասով ջուր դնում ու դարձյալ աղոթում է. իբր սատանաները պիտի դուրս գան, թասի ջրում խեղդվեն: Տեսնելով, որ բան դուրս չի գալիս, ժողովուրդն էլ սկսում է թերահավատությամբ նայել նրան, հրամայում է լախտի կամ մաթրախ բերել: Դուրս է հանում բոլորին խրճիթից ու սկսում ծեծել Մարթային: Աղմուկից գալիս է Օսանի պսակած տղան, որին թաբախ ման ածող Ցական էին ասում: Խրճիթի դուռը ներս է գցում, ձեռքից վերցնում մաթրախը: Գրիգորը բացատրում է, թե աղոթքը չօգնեց, ծեծը կօգնի: Ցականը վիրավորում է նրան, վերցրած փողը ետ առնում, սուտը բացահայտում ու դուրս հանում խրճիթից: Մարթան շուտով լավանում է մաթրախի խարաններից, բայց մի քանի ամսից հետո մեռնում նույն խելագար դրության մեջ: Նրան շուտով հետևում է հայրը: Իսկ գրբաց Գրիգորը մինչև օրս էլ շարունակում է իր արհեստը:

Սաքուլն ուխտ գնաց

Դուրգար Սաքուլը կամաց դուռը բաց է անում, ներս մտնում: «Էլի լավ չի»,- մտածում է կինը՝ Նատոն, ու վշտահար նայում երեսին: Սաքուլը պառկում է թախտին, կինը ծածկում է նրան երկու վերմակով: Սաքուլը պիտի գնար հիվանդանոց, բայց տասը շայի էին ուզել կամ էլ պիտի պոլիցիցը կամ տերտերիցը թուղթ տաներ, որ փող չունի: Տերտերն ասել էր, թե կիրակի կտա. դեռ երկուշաբթի է: Սաքուլի հիվանդությունն օր օրի հալում, մաշում է նրան: Ինչ դեղ ասես որ խմել է, հեքիմներին դիմել, խաչերի դռանը անցկացրել, մատաղներ մորթել, կարմիր ու սպիտակ հագել, բայց ոչինչ չի օգնել: Երեք տարվա ընթացքում տան ողջ ոսկեղենն ու արծաթեղենը գրավ են դրել, կորցրել, պարտքերի մեջ թաղվել ու այսօր տասը շայի չունեն երթևեկ հիվանդների քաղաքային բուժարանում կանոնավոր դեղ ու դարման անելու: Նատոն պատմում է իր երազը, թե մի կարմիր ձիավոր թուրը ձեռին ասաց. «Ի՞նչ ես պառկել, ընչի՞ չես գալի: Էս սըհաթիս թրովս կտամ, կես կանեմ, թե չես էկել»: Ամուսնուն համոզում է, որ ազին բացանողի մոտ գնա: Ազին՝ Սաքուլի մայրը, գնում է բացանողի մոտ, երեք ժամ հետո գալիս, ասում, թե հարսի երազը ճիշտ էր: Մանրամասն պատմում է բացանողի ասածները, որ պիտի գնան Թելեթ: Այն հարցին, թե ինչով պիտի գնան, Նատոն առաջարկում է ամուսնուն տունը գրավ դնել: Ի վերջո համոզում են նրան, ու նա գնում է Սերգեյ Ստեփանիչի կամ պարզապես աղա Սերգոյի մոտ ու ասում իր խնդիրքը: Սա ծիծաղում է. տունը գրավ դնելու բան չէ, բայց պարտքով տալիս է Սաքուլի ուզած քսան մանեթը՝ նախորդ պարտքի հետ միասին քառասուն մանեթի վեքսիլ գրելու պայմանով: Հետևյալ օրը Նատոն, չորս-հինգ տարեկան աղջիկը, ծծկեր երեխան, ամուսինն ու մայրը բռնում են Թելեթի ճանապարհը: Մտնում են եկեղեցի, մոմ վառում: Նատոն անկողինը պատրաստում է եկեղեցու տակ, հետևի կողմը: Սաքուլը պառկում է: Երկրորդ օրը մատաղը մորթում են, բաժանում վանահորը, տերտերներին, տիրացուն, ժամկոչին, հարևան ուխտավորներին, իսկ մսաջուրը՝ գյուղի բոկոտն երեխաներին ու կանանց: Երեկոյան փոթորիկ ու անձրև է սկսում: Սաքուլին սկզբում չեն ուզում ներս տանել: Բացանողի պատվերով պիտի երեք օր մնար բացօթյա խաչի տակ: Բայց շուտով անկողինը թրջվում է. չի դիմանում ու ներս են տանում: Երեք օրվա ուխտից հետո վերադառնում են տուն, սակայն Սաքուլն ավելի վատ վիճակում է, հազում է, կողերի մեջ էլ ծակծկում է:
Թախտի վրա, անկողնու մեջ պառկած է Սաքուլը: Մայրը նստած է մեռնող որդու կողքին: Նատոն ծիծ է տալիս երեխային: Մայրն ասում է, թե տերտերին իմաց տան: Սաքուլը զայրանում է հանկարծական բռնկումով, թող հանգիստ հոգին տաՀետո ասում է, թե Սերգոն վատ մարդ չէ, գուցե պարտքը չուզի, իսկ եթե ուզի, թող յարաղը տան, քամարը ծախեն, հոգին չծանրանա: Մայրն ու կինը փորձում են զսպել խեղդող հեծկլտանքը: Փոքրիկ աղջիկը, նմանեցնելով կինտոյի կանչին, կանչում է կամացուկ՝ «Թութա´, թութա´, ախառի´ թութա»:

Հոգուն վրա հասավ

Նախշքար Դավիթը գնում է տուն: Զգում է ոգելից խմիչքի ծարավ: Անկեղծորեն զարմանում է, որ դեռ խելքը չի կորցրել կամ չի մեռել. ողջ օրը չի խմել: Տանն էլ չկա մի բան, որ թեկուզ կնոջից ծածուկ տանի ծախի: Դուռը բացում է պատառոտված հագուստով մի փոքրիկ աղջիկ: Դավիթը արյուն կտրած աչքերով մի ծանր հարված է հասցնում երեխայի գլխին ու բարկանում, որ դուռը չէին բացում: Կինը՝ Մային, ձայն չի հանում: Ամուսնու գոռգոռոցն ու հայհոյանքն այնքան սովորական են դարձել նրա համար, որ միանգամայն կորցրել են իրենց ողջ նշանակությունն ու ազդեցությունը: Շունը հաչի, թե Դավիթը՝ միևնույն է նրա համար: Երբեմն մտածում է, որ ավելի լավ է ամուսինը չլիներ: Երեխաներին ինքն է պահում ողջ օրը տարբեր աշխատանքներ անելով՝ կար ու լվացք է անում, հինած հինում, նուշ, ընկույզ ու տխիլ է կոտրում: Դավիթը միայն խմում է ու հայհոյում: Այժմ պառկել է թախտին: Աղջիկն ու փոքրիկ երեխան, որն արթնացել է հոր գոռգոռոցից, քաղցած են: Մայրը պատվիրում է քնել, կուտեն վաղը: Սրթսրթալով երեխաները շուտով քնում են՝ վախեցած հոր գոռոցներից: Դավիթը շուտով վեր է կենում՝ ջուր խմի: Միտք է ծագում արաղի դատարկ շիշը ջրով լցնել: Ողողում է ու խմում: Ծծում է աչքերը փակ: Դուռը դրսից ծեծում են: Ակոբն է՝ ութ տարեկան տղան, վերադառնում է խանութից, ուր նրան աշակերտ են տվել մի պղնձագործի՝ մի տարի անվարձ ծառայելու, մինչև արհեստ սովորի: Աչքերը փայլում են: Մեկին օգնել է պղինձը տուն տանել, փող են բաշխել: Դավիթը հասնում է դռանը: Մայրը կանգնում է նրանց միջև, ասում, թե հաց չունեն, փողը չտա, բայց սա բռնում է կնոջ ոսկրացած ուսերից, ետ շպրտում այնպես, որ նա ընկնում է գետնին: Վերցնում է փողը, խելագարի պես դուրս գնում Մայրը ցավից մեծ դժվարությամբ նստում է ու խնդրում որդուն դուռը կողպել:

Հոպոպ

Զինագործ Ասատուրը, մոտ քառասուն տարեկան մի մարդ, թաղում հայտնի է Հոպոպ մականունով ժողովրդական այն առածի հիման վրա, որ «Հոպոպը ինքը հոտած էր, կարծում էր, թե բույնն է հոտած»: Իսկապես շատ կռվարար է, թեև պատճառը թաղեցիներն են. չեն թողնում մարդը հանգիստ տուն գնա: Հոպոպին կատաղեցնելը կատարյալ զվարճություն է նրանց համար: Այդուհանդերձ, իր արհեստի մեջ լավ վարպետ է, կարողանում է մի որևէ գրոշանոց ժանգոտ թուր, խանչալ կամ հրացան հարյուր տարվա հնության տեղ ծախել եվրոպացի տուրիստների վրա շատ լավ գներով: Երեկոյան իր փոքրիկ խանութը փակելուց հետո տուն է գնում: Ձեռքին ունի կեսթունգանոց մի գավ, որի պատերը տարիների ընթացքում սևացել են կարմիր գինուց: Մյուս ձեռքին  մի կապոց՝ մեջը ձուկ, կանաչի, բողկ ու «շոթի»: Գինու գավը համարում է իր հաջողության սիմվոլը, դատարկելուց հետո վրան նույնիսկ մոմ է վառում:
 Երեխաները նրա հետևից ծաղրելով կանչում են «Հոպոպ»: Նա ուշադրություն չի դարձնում, հայհոյելով շարունակում է ճանապարհը, բայց երեխաները սկսում են քարեր շպրտել նրա հետևից, և մեկը դիպչում է ոտքին: Վերցնում է մի մեծ քար, բայց երեխաները հասցնում են թաքնվել: Շարունակում է ճանապարհը: Դռներին նստոտած կանանց խմբերի մոտով անցնելիս մի կին էլ ծաղրում է՝ կանչելով հետևից «Հոպոպ»: Ասատուրը հայհոյում է նրան ու անցնում: Սրանք ամաչում են, զսպում սաստկացող հռհռոցը: Որդին ասում է, թե մայրը Բագրատանց տանն է: Սա կատաղում է, կարծում է՝ կինը խաբում է իրեն, ինքն էլ է ծաղրում: Երբ գալիս է, ասում է, թե լվացք անելու համար էր գնացել պայմանավորվելու: Վիճում են: Կինը վերցնում է գինու գավը ու սպառնալով դուրս փախչում: Մարդն ընկնում է հետևից: Փողոցում բոլորը ծիծաղում են: Կինը կանգ է առնում, գցում գավը: Կարմիր գինին ներկում է գետինը: Հոպոպը ցնցվում է: Վերցնում է քարը ու նետում կնոջ հետևից: Սա փռվում է գետնին երեսի վրա: Հռհռացող փողոցը հանկարծ լռում է ու քարանում:

Թե ի´նչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց 

Մի ընդարձակ ամայի բակում կանգնած է դրոգապան Յագորի հնօրյա տնակը՝ բաղկացած մի մեծ սենյակից: Տանը և բակում զարմանալի մաքրություն է տիրում: Յագորի կինը՝ Անանը, երեխային վեր է կացնում օրորոցից: Ջահել է, հազիվ քսան տարեկան. շատ նիհար ու չռված աչքերով: Ներս է մտնում Անանի սկեսուրը, ում գիժ-Հոռոմսիմ են ասում: Տարին տասներկու ամիս միայն անեծքներ են թափվում նրա բերանից: Անանն արդեն անտարբերությամբ է վերաբերվում նրա ամենօրյա անեծքներին: Փնթփնթում է Հոռոմսիմը, անիծում ու նկատում, որ շաքարամանի միջից պակասել են շաքարի կտորները: Հաշվում է, տասի փոխարեն ութն են մնացել: Հարձակվում է Անանի վրա, թե առանց նրա թեյ է խմել, սուր-սուր եղունգներով կմշտում, մազերը քաշում ու ծեծում: Անանն ընկած է հատակի վրա, նվում է միալար, հազիվ լսելի ձայնով: Պառավ Հեղնարը՝ Անանի տատը, թոռներին մենակ է պահում: Նրանք որբ են և մնացել են պառավ տատի խնամքին: Նա աշխատում է, լվացքարարություն է անում, հաց թխում: Փոքրիկները ևս օգնում են: Բայց տատը անհանգիստ է մեծ թոռան համար: Անանը գալիս է փոքրիկ երեխայի հետ, պատմում, որ շաքարը ջրով սարքել, երեխային է ուտացրել, ինքն այնքան չի կերել, որ կաթ չունի: Լաց է լինում: Որոշել է չվերադառնալ: Սակայն գալիս է հսկա Յագորը: Գոռգոռում է, բռունցքով հարվածում կնոջ կողերին: Անանը ճչում է, ընկնում: Հեղնարը սարսափում է: Յագորը, շարունակելով հայհոյանքները, վերցնում է երեխային ու գնում: Անանը ընկած է գետնին՝ ոսկորը տարօրինակ կերպով վեր ցցված: Բերանից արյուն է հոսում: Քննության ժամանակ դատական քննչի հարցուփորձին պատասխանելով՝ Յագորն ասում է.
-Մի մուշտի տվի, է´լի, ուրիշ բան խո չե՞մ արել:

Սև փողերի տոկոսը

Պառավ Մարանը մեն-մենակ ապրում է մի կիսախարխուլ խրճիթում, որ մարդուց մնացած միակ հարստությունն է: Մարդը մի հարբեցող խարազ էր և վաղուց է մահացել: Ունի մի որդի՝ Արտեմը, բայց նա էլ գող ու ջիբգիր է, օրերով տուն չի գալիս, եղած-չեղած՝ մեկ է: Մանանն ունի երկու հավ: Սրանք նրա ապրուստի համարյա միակ աղբյուրն են, որոնց սիրում ու խնամում է իր աչքի լույսի պես: Հավերը ձու են ածում, նա դրանք տանում է թաղի մանրավաճառի մոտ, փոխում հացի կամ կուտի հետ: Այսպիսով հավերը, հա´մ իրենց են պահում, հա´մ պառավ Մանանին: Մի անգամ որդին գալիս է տուն, հանաքներ անում պառավի հետ և նույնիսկ փող տալիս՝ սև ու սպիտակ դրամներից ընտրելով սևերը: Պառավն ուրախանում է: Անցնում է մոտ երկու շաբաթ: Այս անգամ Արտեմը գալիս է վատ տրամադրությամբ: Կոպտում է պառավին, ուշադրություն չի դարձնում ո´չ լամպին, որի նավթը պառավը գնել ու պահել էր որդու համար, որ հենց  գա, վառի, ո´չ էլ պառավի խոսքերին: Առավոտ Մանանն արթնանում է հավերի օտարոտի կռկռոցից: Սև ուրվագիծ է տեսնում: Դուռը բացվում է: Հավերի ձայնը լսվում է դրսից: Շոշափում է Արտեմի պառկած տեղը: Դատարկ է: Հավերը ևս չկան: Պառավը ճչում է.
-Վա´յ, քու սիրտը չմեռնի, Արտե´մ, էս ի՞նչ արիր:
Հևալով վազում է նրա հետևից ամայի փողոցով: Արտեմը չքացել է:

Ադամամութին   

Շուշանը՝ մի պստիկ, լղար կին, կուչ է եկել իրենց տան անկյունում: Տուն կոչվածը մի խրճիթ է, որը երբեմն տիրոջ կթան կովերի համար գոմի տեղ է ծառայում: Նա երկունքի մեջ է: Հազիվ երեսուն տարեկան է, բայց արդեն ունի չորս երեխա, մեկն էլ շուտով լույս աշխարհ պիտի գա: Ամուսինը՝ տավար քշող Կարապետը, տավարն ու ոչխարը քշում է սպանդանոց, որտեղից մորթած մսերը ֆուրգոնի մեջ ածած, ինքն էլ վրան բազմած՝ բերում հանձնում է տերերին: Կամ հավատացյալ մարդիկ մատաղացու են առնում, տալիս նրան, նա մորթում է մատաղ անողի տանը կամ որևէ սրբի դռանը: Շաբաթներով տան երեսը չի տեսնում, այնպես որ Շուշանն է ընտանիքի հոգսը հոգում՝ տարբեր աշխատանքներ անելով: Այժմ էլ ամուսինը մատաղացու ոչխարը տարել է Բոլիսի ս. Գևորգ ուխտատեղին, որի տոնն է այդ շաբաթ: Շուշանը մնացել է մենակ: Մեծ որդին՝ Սեդրակը, մոտ տասը տարեկան, սկզբում մանրավաճառի աշակերտ էր, շաբաթը քսան կոպեկ էր բերում, հետո փախավ: Չգիտեն որտեղ է: Նրանից հույսը կտրել են: Չնայելով փոքր հասակին, մի քանի անգամ բանտ է նստել: Շուշանին օգնում է մի ընտանիք, որի հայրը կնքահայր դարձավ նրա երեխաներին: Այժմ էլ օգնում են նրանց՝ տալով հացի մնացուկներ, շորեր աշխատանքի դիմաց, որ կատարում է նրանց համար: Ահա ութ տարեկան աղջիկը՝ Սոնեն, ներս է մտնում՝ մի տոպրակ ձեռքին: Դրա մեջ հաց է ու պանրի փշրանքներ: Երկու փոքրիկ երեխաները շտապում են ուտել հացը: Վիճում են: Քույրը բարկանում է նրանց վրա, մայրը՝ Սոնեի: Ի վերջո Սոնեն կարողանում է պանրի փշրանքները լցնել հացի վրա, տալ փոքրերին: Փորները կուշտ մտնում են յափնջու տակ ու խաղում: Հետո Սոնեն հայտնի չէ որտեղից ներքնակ ու վերմակ է բերում, անկողին պատրաստում, պառկեցնում երեխաներին  ու քնում են: Մայրը տանջվում է: Նրա ցավերը ուժեղացել են: Ադամամութին Սոնեն աչքերը բաց է անում ու անսովոր ձայն լսում՝ ասես կատվի ձագ է մլավում: Նայում է մոր կողմը, որն ասես լվացք է անում: Մոտենում է ու տեսնում մի պստիկ մանուկ, մերկ, կարմիր: Մայրը խեղդում է նրան՝ շարունակ կրկնելով. «քիչ ունե՞մքե՞զ ոնց պահեմ…» Ձայնը այլևս չի լսվում: Սոնեն հանկարծ ճչում է, չգիտի՝ ուրախությունի՞ց, որ մայրը երեխա է ունեցել, թե՞ սարսափած այն բանից, ինչ որ անում է մայրը իր նորածին մանկանը 

Նար-Դոս | Մեր թաղը | համառոտ Նար-Դոս | Մեր թաղը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 30, 2015 Rating: 5
Технологии Blogger.