«Եվրոպայի մայրամուտը» երկհատոր ուսումնասիրությունը փառք բերեց Օսվալդ Շպենգլերին: Այդ գրքում հեղինակը կապում է Գերմանական կայսրության փլուզումը արևմտյան քաղաքակրթության կործանման հետ ընդհանրապես: Բնության և պատմության միջև տարբերությունը Շպենգլերը համարում է մետաֆիզիկական. «Իրականությունը բնություն է, որքանով կայացողը ենթարկում է կայացածին, սակայն պատմություն է, որքանով ամենայն կայացածը իրեն է ենթարկում կայացող ամեն բան»: Բնության մեջ իշխում է մեխանիկական անհրաժեշտությունը, իսկ պատմությունը օրգանական անհրաժեշտության թագավորություն է: Հենց այս պատճառով պատմությունը կարող է հասկացվել վերապրման, պատմական զարգացման ձևերի մեջ ինտուիտիվ ներթափանցման միջոցով: «Մարդկությունը չունի ոչ մի նպատակ, ոչ մի գաղափար, ոչ մի նախագիծ, ինչպես որ չունեն թիթեռը կամ խոլորձը: «Մարդկությունը» կենդանաբանական հասկացություն է, բառ, որը զուրկ է որևէ իմաստից»: Պատմական զարգացման գծային պատկերին Շպենգլերը հակադրում է «բազմաթիվ քաղաքակրությունների բեմահարթակը, որոնք ծաղկում են շնորհիվ նախնադարյան ուժի և դուրս են գալիս երկրի մայրական ընդերքից»:
Բոլոր օրգանիզմների նմանությամբ քաղաքակրթությունները ծնվում են, հասունանում են, ծերանում և անհետանում են: Քաղաքակրթության փակ տարածության մեջ բարոյականությունը, փիլիսոփայությունը, իրավունքը ունեն բացարձակ իմաստ, սակայն դրա սահմաններից դուրս անիմաստ են: «Որքան քաղաքակրթություն, այնքան բարոյականության համակարգ»: Յուրաքանչյուր քաղաքակրթություն ստեղծում է իր արժեքները, որոնք տարբեր են այլ քաղաքակրթությունների արժեքներից: Արժեքների հարաբերականության շպենգլերյան թեզը ճանաչում է արժեքների բացարձակություն միմիայն մեկ քաղաքակրթության շրջանակներում:
Ինչպես օրգանիզմները, քաղաքակրթությունները ևս դատապարտված են կործանման: «Երբ նպատակին հասել են, իսկ ներքին հնարավորությունների լիությունը սպառված է, քաղաքակրթությունը ծերանում է, սկսում է շարժվել դեպի մահ, արյունը մակարդվում է, ուժերը թուլանում են, սկսվում է անկման փուլ»: Բարոյական և կրոնական ճգնաժամը Շպենգլերը կապում է հավասարապաշտության միտումների հետ: «Արժեքների վերարժևորումը», որի մասին խոսում է Նիցշեն, արևմտյան քաղաքակրթության մայրամուտի աներկբա ախտանիշ է:
Շպենգլերն առանձնացնում էր հետևյալ հզոր մշակույթները՝ Եգիպտական, Բաբելական, Չինական, Հնդկական, Մեքսիկական, Հունական, Արաբական, Ֆաուստյան: Ֆաուստյան մշակույթը գոյացել է տասներորդ դարում և նրա խորհրդանիշը Ֆաուստն է: «Եվրոպայի մայրամուտում» Շպենգլերը մշակույթի բազմաթիվ չափումներում հակադրում է Ֆաուստյան և ապոլլոնյան ճանաչողությունները, որոնց մասին նախատիպային պատկերացումները փոխառել է երիտասարդ Ֆրիդրիխ Նիցշեի «Ողբերգության ծնունդը» գրքից:
Տես նաև Առնոլդ Թոյնբի Պատմության հետազոտություն և Ֆրենսիս Ֆուկույամա Պատմության ավարտը և վերջին մարդը
Օսվալդ Շպենգլեր | Եվրոպայի մայրամուտը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 30, 2015 Rating: