
Պահպանվել է շուրջ 200 բանաստեղծություն, որոնք Միքելանջելոն գրել է իր ստեղծագործական ուղու հռոմեական շրջանում: Նրա պոեզիային բնորոշ է խորը ողբերգկանությունը: Սերը մարդու հարատև ձգտումն է գեղեցիկի և ներդաշնակի նկատմամբ: Հումանիստ արվեստագետը խորապես վերապրում է գեղեցիկին ձգտող մարդու միայնակության դրաման:
Միքելանջելոն հատկապես առավելություն է տալիս սոնետին և մադրիգալին: Նրա քնարերգությունը լի է փիլիսոփայական ընդհանրացումներով և լեզվի սեղմ ու արտահայտիչ ձևերով: Նա չունի իր ժամանակակից բանաստեղծների թեթև ոճը, սակայն կարողանում է ինքնատիպ արտահայտչաձևեր գտնել սեփական մտքերի և հույզերի համար:
Ամենահայտնի բանաստեղծությունը սոնետն է, որը նա գրել է ի պատասխան Ջովաննի Ստրոցցիի «Գիշեր» քառյակի: Իր սոնետները Միքելանջելոն չի հրատարակել՝ համարելով դա ավելորդ սնապարծություն:
Միքելանջելոն շատ բարձր է գնահատում Դանտեին, ճանաչում է Պետրարկային, Չինո դե Պիսոյային և իտալական պոեզիայի դասականներին: Սակայն նրա պոեզիայի բուն ներշնչանքի աղբյուրը պլատոնականների իդեալիզմն է:
Միքելանջելոյի քնարերգության հիմնական մոտիվներն են սերը և մահը, մարդը և Աստված: Նա աստիճանաբար ավելի է հակվում ցավագին հոռետեսության, կյանքի հայեցողությունից՝ մահվան հայեցողությանը: Հատկապես ուշագրավ են մարկիզուհի Վիկտորիա Կոլոննեին նվիրված սոնետները: Այդ տիկինը արվեստագետի պլատոնական սերն էր:
Կյանքի վերջին տարիներին Միքելանջելոն ավելի հաճախ է դիմում մահվան թեմային: Իր իսկ խոստովանությամբ ո´չ բրիչը, ո´չ էլ գրիչը չեն կարող մխիթարել իրեն:
«Նա, ով ուզում է գտնել ինքն իրեն, չպիտի փնտրի վայելք ու զվարճանք: Նա պիտի մտածի մահվան մասին: Միայն այդ միտքն է տալիս ինքնաճանաչում: Միայն դա թույլ չի տալիս, որ ազգականներն, ընկերները և այս աշխարհի ուժեղները չպատառոտեն մեզ ու մաս-մաս չանեն»:
Ատելություն ներշնչիր ինձ աշխարհի և ունայնության հանդեպ,
Որ չհասնեն ինձ վաղեմի կանչերը:
Մահվան ժամին կյանք եմ սպասում:
Բայց հույս չկա, ամեն բան խավարում պիտ հայտնվի:
Սուտն է տիրում, իսկ ճշմարիտը թաքցնում է իր աչքը:
Որքան ավելի ուժգին է մեզանում ցնորամիտ ձգտումը,
Այնքան երկար է այն վտարելու ժամանակը,
Եվ տենչանքի դեմ թույլ է կամքը:
Միքելանջելոյի բանաստեղծությունները լույս չեն տեսել նրա կյանքի օրոք, սակայն տարածվել են ձեռագիր վիճակում: Առաջին անգամ սոնետները հրատարակում է Միքելանջելոյի ծոռը 1623 թ.:
Տես նաև Լոդովիկո Արիոստո Մոլեգին Ռոլանդը, Տորկվատո Տասսո Ազատագրված Երուսաղեմ և Ջովանի Բոկաչչո Դեկամերոն
Միքելանջելո Բուոնարոտտի | Սոնետներ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 24, 2015 Rating:
