Էդգար Ալան Պո | Հորինման փիլիսոփայությունը | համառոտ



Նշված ակնարկում Պոն մտադիր է ցույց տալ իր «Ագռավը» բանաստեղծության modus operandi-ն: Բանաստեղծությունը նման է ժամացույցի: Սկսելով աշխատանքը՝ բանաստեղծը հստակ պատկերացում ունի բոլոր այն միջոցների մասին, որոնց օգնությամբ պիտի ներգործի ընթերցողի վրա: Առաջին պահանջը բանաստեղծության հակիրճությունն է: Այն պիտի հնարավոր լինի կարդալ մեկ շնչով, ահա ինչու հարյուր տողը բավական է: Միայն կարճ բանաստեղծությունը կարող է յուրացվել ամբողջությամբ և այդպես ցույց տալ իր ամբողջության գեղեցկությունը:
Պոեզիան գործ ունի խոսքի ռիթմիկության գեղեցկության հետ: Միակ դատավորը ճաշակն է: Կոմպոզիցիայի ոչ մի տարր չի գոյանում պատահականորեն: Ամեն բան ստեղծվում է քայլ առ քայլ, հետևողականորեն, ինչպես մաթեմատիկական խնդրում: Ուժեղ տպավորություն թողնելու համար բանաստեղծությունը պիտի գտնի ճիշտ տոնայնություն. դա վիշտն է: Սակայն անհրաժեշտ է հիշել, որ բանաստեղծն արտահայտում է ոչ սեփական տրամադրությունը: Վշտի պատկերումը սոսկ միջոց է: Կնոջ մահվան մասին խոսող դրվագը միավորում գեղեցկության գաղափարը և մարդկային գոյության վերջավորությունը, որոնք «աշխարհում ամենաբանաստեղծական փաստերն են»: Փորձելով հաղորդել իր բանաստեղծությանը «գեղարվեստական պիկանտություն» հեղինակը դիմում է հին, բոլորի կողմից օգտագործվող հնարքին՝ ռեֆրենին: Նա որոշում է նոր կատարելություն հաղորդել մի քանի մոգական հնչյուններից բաղկացած բառային միավորի կրկնությանը: Նրա մտքին է գալիս nevermore բառը, որից «տրամաբանորեն» բխում է ագռավի՝ չարաբաստիկ թռչունի պատկերը:
Խոսելով բանաստեղծական չափի մասին՝ Պոն նշում է, որ նա առաջին հերթին ձգտում է ինքնատիպության, որը ոչ մի ընդհանուր բան չունի անձնական զգացումների արտահայտության հետ: Ինքնատիպության խնդիրը ծեծված ձևերից խուսափելն է: Այստեղ կարևոր է ոչ այնքան հնարամտությունը, որքան մերժելու կարողությունը: Շառլ Բոդլերը, որի համար Պոյի այս տեսությունը հայտնություն էր, հատկապես հիանում էր արհեստականորեն մշակվող ինքնատիպության այս գաղափով:

Պոն սովորեցնում է, թե ինչպես մոտենալ իռացիոնալին լիովին ռացիոնալ տեսանկյունից: Արվեստը ըստ Պոյի ոչ թե մեր առաջ եղած գեղեցիկի մարմնավորումն է, այլ հուսահատ փորձ մոտենալու գեղեցիկին, որը վեր է մեզնից: 

Էդգար Ալան Պո | Հորինման փիլիսոփայությունը | համառոտ Էդգար Ալան Պո | Հորինման փիլիսոփայությունը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 02, 2015 Rating: 5
Технологии Blogger.