Ժյուլ Վեռն | Քսան հազար լյո ջրի տակ | համառոտ



19-րդ դարի երկրորդ կես: Ամենատարբեր ծովերում և օվկիանոսներում ծովագնացները ժամանակ առ ժամանակ տեսնում են ստորջրյա մեծ մարմին, որն իր չափերով և շարժման արագությամբ գերազանցում է կետաձկանը։ Անհայտ էակով հետաքրքրվում են նախ թերթերը, իսկ այնուհետև՝ գիտնականները: Ակադեմիական հետաքրքրությանը փոխարինում է գործնական հետաքրքրությունը, մանավանդ որ ստորջրյա հսկայի հետ բախումները բազմաթիվ նավերի վնասվածքների պատճառ են դառնում։ ԱՄՆ նավատորմին պատկանող «Աբրահամ Լինկոլն» զինվորական առագաստանավը ծով է դուրս գալիս հրեշին որսալու:
Երկարատև փնտրտուքից հետո արշավախումբը Խաղաղ օվկիանոսում հանդիպում է հրեշին, բայց նրա հետ բախման արդյունքում նավը ստանում է լուրջ վնասվածք, իսկ նրա վրա գտնվող պրոֆեսոր Պիեռ Արոնաքսը, նրա սպասավոր Կոնսելը, և հարպունահար Նեդ Լենդը հայտնվում են ջրում, իսկ այնուհետև՝ սուզանավի տախտակամածին, որն էլ, ինչպես պարզվում է, նրանց որոնած «ծովահրեշն է»։ Նավապետը ներկայանում է Նեմո (լատ. Nemo նշանակում է Ոչ Մեկը)։ Նա հայտարարում է փրկվածներին, որ նրանք գտնվում են իրեն պատկանող «Նաուտիլուս» սուզանավի վրա։ Ինքը Նեմոն իր ընկերների հետ խզել է կապերը մարդկանց հասարակության հետ և հեռացել է օվկիանոս, որպեսզի ապրի ազատ։ Բոլորից գաղտնի կառուցել և կահավորել է «Նաուտիլուսը»: Նեմոն «Նաուտիլուսի» գաղտնիությունը պահելու համար ստիպված է փրկվածներին թողնել նավի վրա, և հերոսները, որոնց առջև դրված է ընտրության հնարավորություն մահվան և գերության միջև, ստիպված են ընտրել երկրորդը։ Պրոֆեսոր Արոնաքսին կապիտանը առաջարկում է մասնակցել գիտական հետազոտությունների, որոնք նա իրականացնում է սուզանավի վրա՝ իր տրամադրության տակ ունենալով ողջ օվկիանոսի գանձարանը։
Հաջորդ յոթ ամիսների ընթացքում հերոսները արկածներ են ունենում Երկրագնդի բոլոր օվկիանոսներում, բացի Հյուսիսային օվկիանոսից։ Մասնակցում են ստորջրյա որսի, այցելում են Նոր Գվինեա կղզի, մարգարիտ են որոնում, Հնդակական օվկիանոսում պայքարում են շնաձկների դեմ, այցելում են խորտակված Ատլանտիսի ավերակները, կռվում են կաշալոտների և ութոտնուկների բանակների դեմ։ «Նաուտիլուս»-ը հաղթահարում է Հարավային բևեռի սառույցները:
Այս ճանապարհորդության ընթացքում հերոսներին հայտնի է դառնում, որ «Նաուտիլուսի» անձնակազմը, չնայած որ լքել է ցամաքը, տեղյակ է այնտեղ կատարվող բոլոր իրադարձություններից, և ակտիվորեն օգնում է այն ազգերին, որոնք պայքարում են իրենց անկախության և ազատության դեմ։ Պատմության վերջում «Նաուտիլուսը» մարտի է բռնվում անգլիական ռազմական նավի հետ և խոյահարելով խորտակում է այն։ Հերոսները իմանում են, որ նավապետը այդկերպ սոսկ վրեժ է լուծել հին թշնամուց։ Նեմոն եղել է Հնդկաստանի սիպայների արքայազնը: Նրա անունն է Դակկար: Անգլիական նավի նավապետ Մունրոն ժամանակին խլել է նրանից ոչ միայն իր ժողովրդի ազատությունը, այլև ընտանիքը և անգամ անունը:
Անգլիական նավի հետ ճակատամարտից հետո, երբ նավապետ Նեմոն ընկղմվում է խոհերի մեջ և թուլացնում է հսկողությունը, Լենդը պարզում է, որ «Նաուտիլուսը» գտնվում է ցամաքի մոտ և առաջարկում է փախչել՝ օգտվելով մակույկից։ Պարզվում է, որ սուզանավն ընկել է Մալստրյոմի ջրապտույտի մեջ։ Արոնաքսը և իր ընկերները հրաշքով փրկվում են և դուրս են գալիս նորվեգական ափ։ Վեպի վերջին գլուխը պարունակում է Արոնաքսի, նավապետ Նեմոյի և նրա ճակատագրի մասին խորհրդածությունները։

Ժյուլ Վեռն | Քսան հազար լյո ջրի տակ | համառոտ Ժյուլ Վեռն | Քսան հազար լյո ջրի տակ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 01, 2015 Rating: 5
Технологии Blogger.