Էմիլ Բենվենիստ «Ընդհանուր լեզվաբանություն» համառոտ



Աշխատանքը լեզվական նյութի հետ ենթադրում է տեքստերի իմացություն: Այսպես, խոսելով «քաղաքակրթություն» բառի մասին հարկ է նկատի առնել բոլոր այն բառային շարքերը, որ առկա են Հոմերոսի պոեմներում, Հերոդոտոսի մոտ, իրանական տեքստերում, անգլիական առաջին բառարաններում և այլն: Միայն նյութի այսպիսի իմացությունը և համընգրկուն ընդհանրացումները թույլ են տալիս Բենվենիստին ձևակերպել սեռական հոլովի առաջնային և երկրորդական ֆունկցիաների մասին իր օրենքը: Ներկայացնելով եվրոպական լեզվաբանական դպրոցը, Բենվենիստը միաժամանակ ֆրանսիական ավանդույթների հավատարիմ կրողն է: Նա երբեք չի օգտագործում այնպիսի ընդհանուր կոմպենդիումներ, ինչպիսին են՝ «լեզու» կամ «համակարգ» հասկացությունները և կասկածով է վերաբերում այն հոսանքներին, որոնք ձգտում են շատ լայն ընդհանրացումների:
Գտնել բառի առաջին կոնտեքստները նշանակում է գտնել ոչ թե առաջին կիրառությունները, այլ հին և նոր նշանակությունների չեզոքացման դիրքերը: Բենվենիստը չի ձգտում համապարփակորեն նկարագրել լեզուն, ինչպես դեսկրիպտիվիստները կամ սերող լեզվաբանության հետևորդները, քանի որ նրա կարծիքով այդ դեպքում «մեթոդը գործում է հանուն մեթոդի»:
Բենվենիստը հստակորեն բաժանում է այն, ինչը չէր կարողացել բաժանել Ֆերդինանդ դը Սոսյուրը՝ այն է՝ նկարագրության կառուցվածքը: Նկարագրության կառուցվածքը Բենվենիստի պարագայում հիշեցնում է բառարանային սահմանումների կառուցվածքը, որտեղ հաջորդները չեն բխում նախորդներից: Սահմանումների գծային զարգացումը անխուսափելիորեն կփակվի տրամաբանական արատավոր շրջանի մեջ: Բենվենիստը քայլ է կատարում «բանասիրական շրջանակի» ուղղությամբ, որի կռահումները կան Պլատոնի գերմանացի հռչակավոր թարգմանիչ Ֆրիդրիխ Շլայերմախերի մոտ: Վերջինս կոչում էր այն «հերմենևտիկական շրջանակ»: Վերլուծությունը շարժվում է երկու գծով՝ իմաստային և ձևական: Ոչ ուղղակի ձևով դրա զուգահեռը կարելի է տեսնել հարացույցային և շարակարգային հարաբերություններում:
Բենվենիստի շարահյուսական ուսմունքի կենտրոնը «շարահյուսական ֆունկցիայի» ըմբռնումն է: Սա մի շարք շարահյուսական  ֆունկցիաների հաստատունն է և հնարավորություն է տալիս սահմանել իրեն տրամաբանորեն, հետևաբար կամուրջ է գցում ֆորմալի և տրամաբանականի միջև:
Բենվենկիստը օգտվում է նկարագրության սեռականի եղանակից: Այն շատ է տարբերվում երրիտքերականների պատմահամեմատական մեթոդից: Ըստ այդմ լեզվական երևույթի նկարագրության մեջ չեն շարժվում անցյալից դեպի ներկա, այլ ներկայի փաստացի լեզվական երևույթից դեպի անցյալի ձևերը: Դենոտատի և սիգնիֆիկատի տարբերակման միջոցը տարժամանակային մոտեցումն է: «Խնդիրն այն է, որ համեմատության և տարժամանակյա մոտեցման շնորհիվ սիգնիֆիկատը բացահայտվի այնտեղ, որտեղ դիտարկման մեկնակետում մեզ տրված է միայն դենոտատը»:
Լեզուն ստեղծված է մարդու չափով և այդ չափը հաստատված է հենց լեզվի կազմվածքի մեջ: Հետևաբար լեզվաբանությունը մշտապես կմնա գիտություն մարդու մասին:   


Էմիլ Բենվենիստ «Ընդհանուր լեզվաբանություն» համառոտ Էմիլ Բենվենիստ «Ընդհանուր լեզվաբանություն» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 06, 2015 Rating: 5
Технологии Blogger.