Պատանի հերոսը՝ Վիլհելմ Մայստերը, ունի երկու կիրք՝ թատրոն և Մարիանա: Նրա հայրը պատկառելի բյուրգեր է, կուտակել է դրամագլուխ՝ վաճառելով նկարների հոր հավաքածուն, իսկ հետո բազմապատկել է իր կարողությունը հաջող առևտրի շնորհիվ: Որդուն տեսնում է իր գործերի շարունակող, սակայն Վիլհելմը առևտրական դառնալու մասին անգամ լսել չի ուզում: Իր կոչումը նա տեսնում է թատրոնում, որին սիրահարվել է մանկուց: Իհարկե, ավելի ուշ շփվելով բոհեմի որոշ անդամների հետ և հանդիպելով նրանց մեջ դերասանների՝ Վիլհելմը զարմանում է, որ սրանք այդքան երկրային արարածներ են՝ բամբասանք, նախանձ, վեճեր… Բայց դա չի կարող ստիպել նրան փոխել որոշումը: Նրա սիրելին՝ Մարիանան, Վիլհելմին թվում է կատարյալ: Նրանք հանդիպում են երեկոյան, իսկ ազատ ժամանակ Վիլհելմը բանաստեղծություններ է գրում նրա պատվին և երազում նոր հանդիպումների մասին: Զուր է հարևանը՝ Վերները, փորձում ետ պահել նրան այդ կրքից: Հերոսը վճռել է առաջարկել Մարիանային իր ձեռքն ու սիրտը, հեռանալ նրա հետ ուրիշ քաղաք և բախտ փորձել տեղի թատրոնում, որը ղեկավարում է իր ծանոթը: Վերները, որ Վիլհելմի հոր ընկերոջ որդին է, նրա հակոտնյան է: Բայց նրանք ընկերներ են:
Մարիանային իր հերթին զգուշացնում է նրա ծեր աղախինը: Վիլհելմը կարող է նվիրել միայն իր սիրտը, իսկ հավակնել շատ ավելիին: Պառավը համոզում է Մարիանային չխզել կապերը հարուստ երկրպագուի հետ, որի մասին Վիլհելմը ոչինչ չգիտի: Եվ ահա մի երեկո, երբ Վիլհելմը տրվելով Մարիանայի մասին հաճելի մտքերին, համբուրում է աղջկա նվիրած թաշկինակը, դրա մեջ հայտնաբերում է նամակ: Նամակից հասկանալի է, որ Մարիանան գաղտնի երկրպագուի սիրուհին է: Վիլհելմը ցնցվում է մինչև իր էության հիմքերը: Ամեն բան ավարտվում է տենդով: Դժվարությամբ ուշքի գալով՝ պատանին վերարժևորում է ոչ միայն նախկին սերը, այլև իր բանաստեղծական և դերասանական շնորհը: Վերներին չի հաջողվում ետ պահել ընկերոջը, երբ սա բուխարու մեջ այրում է իր գրած թղթերի ողջ փաթեթներ: Խզելով կապը մուսաների աշխարհի հետ՝ Վիլհելմը ջանասիրաբար զբաղվում է հոր գործերով: Մռայլ միօրինակության մեջ անցնում են տարիներ: Նա վարում է հոր գրասենյակային գործերը, այցելում է պարտապաններին: Մի այդպիսի ուղևորության ժամանակ երկար մնում է քաղաքից դուրս՝ նպատակ ունենալով հանգստանալ: Սրտի վերքն այդ ժամանակ մի փոքր արդեն քաշվել է: Հիմա նրան տանջում է խիղճը. գուցե մի փոքր կտրուկ և արագ է լքել աղջկան և այդպես էլ չի տեսել վերջին անգամ: Չէ՞ որ ամեն բան կարող էր նաև թյուրիմացություն լինել: Ամեն դեպքում երիտասարդն այնքան է ապաքինվել, որ կարող է տրվել նոր տպավորություններին: Իջևանատանը, որտեղ նա սենյակ է վարձել, հավաքվել է դերասանների խումբը: Նա մտերմանում է կոմեդիանտների հետ: Նրա նոր ընկերներն են դարձել թեթևամիտ կոկետուհի Ֆիլինան, Մելինա ամուսինները, մորուքավոր և անմարդասեր ծեր տավղահարը և բոհեմի ուրիշ ներկացուցիչներ: Վիլհելմը դառնում է տասներեքամյա վայրենի Մինյոնի՝ լարախաղացուհու հովանավորը: Մի քանի թալեր վճարելով՝ Վիլհելմն ազատում է աղջկան չար տիրոջից: Զրույցներից իմանում է, որ Մարիանան իրենց բաժանումից հետո հեռացել է թատրոնից, հայտնվել է աղքատության մեջ, երեխա է ունեցել, իսկ հետո անհետացել:
Իջևանատուն են գալիս պատկառելի պարոններ, որոնք ունեն խնդիր. ինչպե՞ս զվարճացնել հյուր եկող իշխանին: Կանչում են դերասանների ողջ խմբին: Վիլհելմից պարտք վերցրած գումարով Մելինան արդեն գնել է տեղի թատրոնի ռեկվիզիտները: Բոլորը հույս ունեն դառնալ անկախ կոլեկտիվ:
Բարոնի դղյակում, ուր հրավիրված են, դերասանները մոռանում են հանապազօրյա հացի հետ կապված սովորական խնդիրները: Իսկ Վիլհելմը ծանոթանում է մարդկանց հետ, որոնք կարևոր դեր կխաղան նրա կյանքում: Նախ և առաջ դա Յարլոն է՝ բարոնի օգնականը: Հենց սա է հաղորդակից դարձնում Վիլհելմին շեքսպիրյան դրամատուրգիայի աշխարհին: Երիտասարդին է հովանավորում նաև հմայիչ կոմսուհին, որն իր ամուսնու՝ կոմսի հետ հյուր է դղյակում: Սիրով լսում է Վիլհելմի փրկված բանաստեղծություններից:
Գալիս է հյուրընկալ դղյակը լքելու ժամանակը: Առատորեն վարձատրված դերասանները ուղևորվում են քաղաք: Վիլհելմը հիմա նրանց ոգին է: Բայց դա տևում է կարճ: Ճանապարհորդությունն ընդհատում է զինված ջոկատի հետ հանդիպումը: Դերասաններից խլում են բոլոր իրերը, իսկ Վիլհելմին ծանր վիրավորում: Նա ուշքի է գալիս մարգագետնում՝ կողքին տեսնելով միայն Ֆիլինային, Մինյոնին և տավղահարին: Մյուսները փախել են: Քիչ անց հերոսին է մոտենում գեղեցիկ հեծյալ մի կին: Նա Վիլհելմին փող է տալիս և բժիշկ է կանչում: Հասնում են մոտակա գյուղը, որտեղ սպասում են մյուս դերասանները: Այս անգամ հարձակվում են իրենց բարեգործի վրա՝ մեղադրելով ամեն տեսակ մեղքերի համար, սակայն Վիլհելմը զուսպ է արձագանքում նրանց անշնորհակալությանը: Երդվում է չթողնել նրանց, քանի դեռ խմբի գործերը չեն շտկվել: Որոշ ժամանակ անց դերասանները, ստանալով Մայստերից երաշխավորական նամակներ, մեկնում են մոտակա քաղաքը Զերլոյի թատրոնում աշխատանք գտնելու:
Վիլհելմը մնում է ծեր տավղահարի և Մինյոնի հետ, որը խնամում է նրան: Ապաքինվում է:
Նրա հոգում չքնաղ ամազոնուհու պատկերն է: Սակայն ի վերջո ծերունու և Մինյոնի հետ փախչում է անգործությունից, որով երկար ժամանակ նրան տանջում է ճակատագիրը:
Հասնում են Զերլոյի թատրոն, որտեղ Վիլհելմը նորից զգում է իրեն իր հարազատ տարերքի մեջ: Առաջին իսկ հանդիպման ժամանակ թատրոնի դիրեկտորին նա առաջարկում է բեմադրել Շեքսպիրի «Համլետը»: Զերլոյին և նրա քրոջը՝ դերասանուհի Ավրելիային, Վիլհելմը ներկայացնում է ողբերգության իր ըմբռնումը: Նա հասկանում է, թե ինչ է ուզում ասել Շեքսպիրը. մեծ գործը, որ ծանրանում է հոգու վրա, քայքայում է այդ հոգին: Կաղնին արմատ է նետել անոթի մեջ, որ նախատեսված է նուրբ ծաղիկների համար. արմատներն աճում են և քանդում են ծաղկամանը: Ավրելիան շուտով դառնում է Վիլհելմի ընկերը և մի օր բացում է իր գաղտնիքը: Նա սիրել է ոմն Լոտարիոյի՝ ազնվականի: Ֆիլինան մինչ այդ հաղորդել է Վիլհելմին, որ երեք տարեկան Ֆելիքսը, որ ապրում է Զերլոյի տանը, Ավրելիայի որդին է: Վիլհելմը կարծում է, որ տղայի հայրը Լոտարիոն է, բայց չի հարցնում դրա մասին ուղիղ: Ֆելիքսի ծեր աղախինը հիվանդ է, և փոքրիկը կապվում է Մինյոնին, որն ուրախությամբ զբաղվում է նրա հետ և երգեր է սովորեցնում:
Վիլհելմը ստանում է վատ լուր: Նրա հայրը հիվանդացել և մահացել է: Նա իրեն ազատ է զգում մի շրջանում, երբ դեռ չի եկել ինքն իր հետ որոշակի համաձայնության: Նրա միտումները ազնիվ են, նպատակները՝ պարզ: Սակայն նա չունի փորձ և դեռ հետևում է ուրիշների գաղափարներին:
Զերլոն առաջարկում է նրան պայմանագիր կնքել: Այդ դեպքում նրա ընկեր դերասանները աշխատանք կստանան: Երիտասարդը համաձայնում է: Կարծում է, որ հենց թատրոնում կստանա այն կրթությունը, որի մասին երազում էր: Վերներին ուղղված նամակում մանրամասնորեն կիսվում է իր մտահղացումներով: Գերմանիայում բազմակողմանի զարգացումը հասու է միայն ազնվականին: Բյուրգերը (իսկ Վիլհելմը բյուրգեր է) ստիպված է անցնել հատուկ ճանապարհ այդ ամենին հասնելու համար: Բայց այդ ճանապարհին նա կորցնում է իր անձի ամբողջականությունը: Այդ կորստից կարելի է խուսափել միայն բեմում, որտեղ բյուրգերը նույնպես «լիարժեք անձ» է: Վիլհելմը ստորագրում է պայմանագիրը, ինչից հետո դերասանների խումբը աշխատանքի է անցնում թատրոնում:
Սկսում են բեմադրել «Համլետը», որը թարգմանում է ինքը Վիլհելմը: Նա խաղում է արքայազնի դերը, Ավրելիան՝ Օֆելիայի, իսկ Զերլոն՝ Պոլոնիուսի: Մոտենում է անդրանիկ ներկայացման օրը: Ներկայացումն անցնում է շատ հաջող: Բոլորին հատկապես տպավորում է Համլետի և Ուրվականի հանդիպման տեսարանը: Հանդիսատեսները չգիտեն, որ դերասաններից ոչ ոք անգամ գլխի չի ընկնում, թե ով է խաղացել Ուրվականի դերը: Թիկնոցով այդ մարդը եկել է ներկայացումից քիչ առաջ, բեմի վրա չի հանել զրահները և աննկատ հեռացել է: Այդ տեսարանում Վիլհելմը ապրում է իսկական ցնցում, որը փոխանցվում է հանդիսականներին: Այս դրվագից հետո ոգևորությունը այլևս չի լքում դերասաններին: Հաջաղությունը ճոխ նշում են: Իսկ Ուրվականից մնում է միայն կտորի պատառիկ, որը սա հասցրել էր անհետանալուց առաջ թողնել Վիլհելմին: Վրան գրված է. «Փախի´ր, պատանի, փախի´ր»:
Մի քանի օր հետո Զերլոյի թատրոնում տեղի է ունենում հրդեհ: Թատերախումբը դժվարությամբ վերականգնում է դեկորացիաները: Հրդեհից հետո իր երկրպագուի հետ փախչում է Ֆիլինան, ծանր հիվանդանում է Ավրելիան և վերջնականապես խելագարվում է ծեր տավղահարը: Վիլհելմը հոգ է տանում Մինյոնի և Ֆելիքսի մասին: Տավղահարին թողնում է տեղի բժիշկի հոգածությանը:
Մինչ այդ թատրոնում փոխվում է ղեկավարման ոճը: Ամեն բանի գլուխ կանգնած են Զերլոն և Մելինան: Վերջինս ծիծաղում է հանդիսատեսներին իր ետևից տանելու և ոչ թե նրանց պահանջներին հետևելու Վիլհելմի սկզբունքի վրա: Այդպիսի մթնոլորտում Վիլհելմը ճնշվում է: Մահանում է Ավրելիան, և նա թողնում է թատրոնը: Մահանալուց առաջ Ավրելիան նամակ է հանձնում Վիլհելմին, որը խնդրում է փոխանցել Լոտարիոյին՝ ավելացնելով, որ ներել է նրան և ցանկանում է երջանկություն: Խնդրում է անձամբ փոխանցել նամակը Լոտարիոյին: Մահացող Ավրելիայի մահճի մոտ բժիշկը տալիս է Վիլհելմին մի ձեռագիր, որի հեղինակն է իր մահացած հիվանդներից մեկը՝ մի կին: Դա կնոջ կյանքի պատմություն է, ով կարողացել է կյանքում հասնել հոգևոր անկախության: Նա կարողացել է ամբողջությամբ նվիրել իրեն մերձավորներին և Աստծուն: Համախոհներ է գտնում գաղտնի մի ընկերության մեջ: Ձեռագիրը ծանոթացնում է Վիլհելմին ազնվական մի ընտանիքի հետ: Նա իմանում է հանգուցյալ կնոջ ազգականի՝ մի շատ պարկեշտ և կիրթ մարդու մասին, ապա նաև կրտսեր քրոջ մասին, որը նույնպես մահացել է՝ թողնելով իրենց ազգականի հոգածությանը չորս զավակների: Իմանում է, որ հուշատետրի հեղինակ կնոջ քրոջ դուստրերից մեկը՝ Նատալիան, բնածին զարմանալի հակում ունի… բարիք գործել: Այս հուշերը մեծ տպավորթյուն են թողնում Վիլհելմի վրա՝ ասես նախապատրաստելով նրան ինքնաճանաչման ավելի բարձր աստիճանի:
Եվ ահա նա Լոտարիոյի մոտ է՝ հին ամրոցում, որն ունի բարձր աշտարակներ: Դիտելով հյուրասենյակի դիմանկարները՝ նա տեսնում է մեկը, որ զարմանալիորեն նման է գեղեցիկ ամազոնուհու իր տեսիլներին: Իմանալով Ավրելիայի մահվան մասին՝ Լոտարիոն ընկնում է վշտի մեջ: Բացատրում է, որ երբեք չի դադարել սիրել Ավրելիային: Վիլհելմը հիշեցնում է նրան փոքրիկ Ֆելիքսի մասին: Լոտարիոն զարմացած է: Ֆելիքսը չէր կարող լինել նրա որդին: Դղյակում Վիլհելմը հանդիպում է իր վաղեմի ծանոթ Յարլոյին և աբբահորը, որին նույնպես մի ժամանակ ճանաչում էր: Բոլորը վերաբերում են Վիլհելմին ջերմ և համոզում են որոշ ժամանակ մնալ դղյակում: Նա վերադառնում է թատրոն՝ Մինյոնին և ֆելիքսին վերցնելու համար: Նրան սպասում է զարմանալի հայտնագործություն: Ի դեմս Ֆելիքսի ապաքինված աղախնի նա ճանաչում է իր առաջին սիրո՝ Մարիանայի ծառային: Սա պատմում է, որ Ֆելիքսը հենց Վիլհելմի որդին է՝ խեղճ Մարիանայի զավակը: Ապացուցում է, որ Մարիանան հավատարիմ էր մնացել Վիլհելմին և ներել է նրան: Շատ է գրել Վիլհելմին, բայց բոլոր նամակները ընկնում են Վերների ձեռքը, և սա լավագույն նկատառումներից չի փոխանցում նամակները Վիլհելմին:
Մայստերը ցնցված է: Համբուրում է Ֆելիքսին՝ աղաչելով Աստծուն չզրկել նրան այդ գանձից: Վերցնում է երեխաներին և մեկնում է Լոտարիոյի դղյակը: Մինյոնին հանձնում է Լոտարիոյի քրոջը, որն ապրում է մոտակայքում: Նոր ընկերներն ընդունում են Վիլհելմին աշտարակի ընկերություն: Սա ընկերություն է, որի անդամները նվիրել են իրենց կյանքի բարոյական կատարելագործմանը: Լոտարիոն մտահոգված է գյուղացիների ապրուստը թեթևացնելու խնդրով: Յարլոն ետ է պահում Վիլհելմին «համլետյան» անիրագործելի փրկչական գործունեություն ծավալելուց և նկատում է, որ մարդը, հասնելով հոգևոր զարգացման որոշակի աստիճանի, շատ է շահում, եթե սովորում է լուծվել ամբոխի մեջ, ապրել ուրիշների համար և կատարել իր պարտքը: Աշտարակի սրահում Մայստերին շուքով հանձնվում է նրա ճակատագրի փաթեթը: Նա հասկանում է, որ միայնակ չէ աշխարհում, որ իր կյանքը պատահական երևույթ չէ: Հասկանում է, որ կյանքը ավելի լայն և ավելի խորն է, քան արվեստը: Յարլոն և աբբահայրը լրջորեն բացատրում են նրան, որ երիտասարդի տաղանդը, որի վրա այդքան շատ հույս էր դնում, հարաբերական է և որ ավելի կարևոր է իրագործվել մարդկանց հարաբերությունների անծայրածիր աշխարհում: «Քո ուսումնառության տարիներն անցյալում են»,- ասում է աբբահայրը: Պարզվում է, այդ նա է խաղացել Ուրվականի դերը «Համլետի» ներկայացման մեջ: Վիլհելմի իրական կոչումը ոչ թե թատրոնն է, այլ կյանքը, խորհրդածությունը և գործունեությունը: Վիլհելմին վիճակված է իմանալ շատ ուրիշ բաներ ևս: Պարզվում է, Լոտարիոն ունի երկու քույր, որոնցից մեկը դքսուհի է: Մյուսը հենց այն անրջային ամազոնուհին է: Դա հենց Նատալիան է: Նրանք հանդիպում են, երբ գալիս է Մինյոնի ծանր հիվանդության լուրը: Նատալիայի տանը Վիլհելմը հայտնաբերում է իր պապու նկարները, որոնք հիշում էր մանկուց: Միավորվում են կյանքի մի շարք կարևոր թելեր: Մինյոնը մահանում է Մայստերի ձեռքի վրա: Պարզվում է, որ նա պատկանել է հին իտալական ազնվական տոհմի, իսկ ծեր տավղահարը նրա հայրն է և խելագարվել է, որովհետև չի կարողացել տանել բաժանումն իր սիրելիից: Դառը իրողությունները մերձեցնում են Վիլհելմին Նատալիայի հետ: Նրանք չեն խիզախում բացատրվել: Օգնում է Լոտարիոյի եղբայր Ֆրիդրիխը: Դա Ֆիլինայի երկրպագուն է, որի հետ դերասանուհին փախել էր: Ֆրիդրիխը կազմակերպում է Վիլհելմի ամուսնությունը իր հրաշալի քրոջ հետ: Մայստերը գտնում է երջանկություն, որի մասին չէր կարող անգամ երազել:
Վոլֆգանգ Գյոթե | Վիլհելմ Մայստերի ուսումնառության տարիները | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 14, 2015 Rating: