Եթե «Մանֆրեդը» կարելի է դիտել որպես Բայրոնի ստեղծագործության նախորդ շրջանի (1812-1816) հարագումարային երկ, ապա «Շիլյոնի կալանավորը»՝ գրված նույնպես Շվեյցարիայում, պատկանում է նրա ստեղծագործական զարգացման նոր փուլին (1816-1824): Պոեմի հիմքում ընկած է իրական դեպք: Ժնևի քաղաքացի դը Բոնիվարի կյանքի ողբերգական պատմությունը, որը 1530-ին կրոնական և քաղաքական մեղադրանքով նետվել է Շիլյոնի բանտը: Իր ամենավշտալի քնարական պոեմի նամար նյութ դարձնելով անցյալի այս դիպվածը, Բայրոնը այն օժտում է ժամանակակից բովանդակությամբ: Նրա մեկնաբանությամբ պոեմը դարձավ ամեն քաղաքական ռեակցիայի դեմ ուղղված ամբաստանագիր: Մեծ բանաստեղծի գրչի տակ Շիլյոնի ամրոցի կերպարը դարձավ դաժան բռնակալական աշխարհի չարագուշակ խորհրդանշան, բանտ-աշխարհ, որտեղ մարդիկ իրենց հայրենասիրական և բարոյական իդեալներին հավատարիմ լինելու պատճառով ենթարկվում են այնպիսի տառապանքների, որ Բելինսկու արտահայտությամբ, «Դանտեի դժոխքը թվում է դրախտ»: Քարե շիրիմը, որտեղ թաղված են նրանք, հետզհետև ջլատում է մարմինն ու հոգին: Բոնիվարը, ի տարբերություն եղբայրների, որոնք նահատակվել էին նրա աչքի առաջ, ֆիզիկապես ողջ է մնում: Սակայն նրա ոգին կիսով չափ մահացած է: Կալանավորին շրջապատող խավարը համակել է նրա հոգին և սերմանել նրա մեջ անկերպարանք քաոս:
Ոչինչ զգացում, ոչ միտք ունեի
Քարերի միջին կանգնած քար էի:
Չէի հասկանում, ինչ էի զգում.
Ամեն բան դատարկ, մռայլ ու գործ էր,
Ոչ ցերեկ էր այն, ոչ էլ գիշեր,
Ոչ էլ բանտի նսեմ լույսը կար,
Այնքան ատելի աչքերիս համար,-
Մի տարածություն-դատարկությամբ լի,
Եվ հաստատություն – առանց մի տեղի…
Չկային ամպեր, ժամանակ, աշխարհ,
Ոչ փոփոխություն, ոչ բարի, ոչ չար:
Լռություն կատարյալ և կանգնած օդում
Ոչ մահվան նշույլ, ոչ էլ կյանք էր նկատվում.
Այն անգործության ծով էր կանգուն,
Անշարժ ու համր, խավար ու անհուն…
Գաղափարի անհուն նահատակը, չկանգնելով դավաճանության ուղու վրա, դառնում է ամեն ինչի հանդեպ անտարբեր, պասիվ անձնավորություն: Իսկ ամենասարսափելին այն է, որ նա սկսում է սիրել իր ազատազրկումը: Բայրոն-հոգեբանի մեծ նվաճումը՝ «Շիլյոնի կալանավորը», շատ բաներում որոշում է բանաստեղծի էվոլյուցիայի ուղղվածությունը: Բայրոնի հետագա ստեղծագործությունը, ընդհուպ մինչև 1821 թ., զարգանում է այլասիրական քաղաքացիական մոտիվների վերելքի ուղով: Բայրոնի մասնակցությունը եվրոպական ժողովուրդների ազգային-ազատագրական շարժմանը դարձավ այդ պրոցեսի կարևոր շարժառիթը:
Ջորջ Բայրոն | Շիլյոնի կալանավորը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 14, 2016 Rating: