Բայրոն | Կայեն | համառոտ


Միստերիան բացվում է Յեհովային ուղղված աղոթքով: Աղոթքին մասնակից է ողջ փոքրաթիվ մարդկությունը՝ Դրախտից արտաքսված Ադամն ու Եվան, նրանց որդիներ՝ Աբելն ու Կայենը, դստրերը՝ Ադան և Զիլլան, և զավակները, որոնց սերել են Ադամի դստրերը նրա որդիներից: Կայենը ընդվզում է ծնողների և եղբոր խոնարհ աստվածապաշտության դեմ, հատկապես Աստծո պատիժը հեզորեն կրելու նրանց պատրաստակամության հարցում: Նրա մեջ գլուխ է բարձրացնում կասկածը. նա փափագում է հասնել հարցերի էությանը: «Երբեք չեմ կարողացել համաձայնեցնել լսածս տեսածիս հետ»: Նրան չեն բավարարում Աստծո բարերար նախախնամության մասին ծնողների աղոտ պատասխանները: Մի՞թե Աստված բարի է լոկ ամենազոր լինելու պատճառով:
Ադամը, Եվան և նրանց որդիները գնում են ամենօրյա աշխատանքի: Խորհրդածող Կայենը մնում է մենակ: Զգում է բարձր, հրեշտակներից էլ բարձր մի էակի մոտենալն իրեն: Դա Լյուցիֆերն է:
Իր ողջ վարքով Բայրոնի Լյուցիֆերը կոտրում է կարծրացած պատկերացումը, ըստ որի նա ստոր ու շահախնդիր գայթակղիչ է: Եվ Կայենն անզոր է չհավատալ նրան, երբ սա ասում է. «Ճշմարտությունից բացի ոչնչով չեմ գայթակղում»:
Իր գոյության առեղծվածի, վերջավորության օրենքի և մահվան մասին մտքերով համակված Կայենը խնդրում է Լյուցիֆերին պարզաբանել իր կասկածները: Լյուցիֆերն առաջարկում է նրան ճանապարհորդություն տարածության և ժամանակի մեջ, իսկ Ադային խոստանում է մեկ ժամ հետո վերադարձնել ամուսնուն:
Բայրոնի անսպառ երևակայությունն իր արտահայտությունն է ստանում միստերիայի երկրորդ գործողության մեջ, որը տեղի է ունենում տարածության ընդերքի մեջ: Ինչպես Դանտեն ու Վերգիլիուսը «Աստվածային կատակերգության» մեջ, Կայենը և Լյուցիֆերը անցնում են անցյալի և գալիքի միջով, որոնց համեմատությամբ երկիրն ավազահատիկ է, իսկ Եդեմը ավելի փոքր է քորոցի ծայրից Լյուցիֆերը հաստատնում է, որ միայն տարածությունն ու ժամանակը չունեն սահման: Ապշահար Կայենն իմանում է, որ բազմաթիվ մոլորակների վրա կան ուրիշ եդեմներ և անգամ մարդիկ և էակներ, որ բարձր են իրենցից: Նրա հետաքրքրությունն անհագուրդ է, և սատանան ցույց է տալիս նրան մահվան խավարչտին թագավորությունը: Նախքան Ադամը երկրի վրա ապրել են բարձր էակներ, որոնք նման չէին մարդկանց, սակայն բանականությամբ գերազանցում էին նրանց: Եհովան կործանել է նրանց՝ իրար խառնելով տարերքները: Կայենի առաջ հառնում են ղևիաթանների ուրվականներ և անանուն կենդանիների ստվերներ: Նրանց տեսքը վսեմ ու վշտալի է, սակայն Լյուցիֆերի ասելով նրանց ցավը անհամեմատ ավելի թեթև է այն տառապանքից, որը դեռ սպասում է ադամական ցեղին: Կայենը տրտմության մեջ է: Նա սիրում է Ադային, Աբելին և չի կարող հաշտվել այն մտքի հետ, որ ամեն բան պիտի անցնի չգոյության գիրկը: Նա խնդրում է սատանային հայտնել իրեն մահվան գաղտնիքը: Լյուցիֆերը պատասխանում է, որ Ադամի որդին դեռ չի կարող հասկանալ այն Հարկ է միայն հասկանալ, որ մահը դարբաս է: Կայենը հարցնում է, իսկ չի բացի արդյոք մահն այդ դարբասը: Լյուցիֆերը ասում է, որ մահը լոկ նախաշեմ է: «Ուրեմն մահը հանգեցնում է բանական ու հասկանալի մի բանի: Ես պակաս եմ վախենում մահվանից»,-ասում է Կայենը:
  Կայենը գիտակցում է, որ ուղևարն իր հզորությամբ չի զիջում Յեհովային: Բայց մի՞թե ինքը Լյուցիֆերը Աստծո գործիք չէ:
Այստեղ սատանան բորբոքվում է: Բնավ ոչ:  «Նա իմ հաղթողն է, բայց ոչ Տերը»: Նրանց պայքարը դեռ չի ավարտվել: Հրաժեշտ տալով Կայենին Լյուցիֆերն ասում է, որ միայն մեկ լավ բան է տվել մարդուն իմաստնության ծառը՝ բանականություն: Այդ պտուղից օգտվելով հարկավոր է ստեղծել ներքին հոգևոր աշխարհը և հակադրել այն երկրային աշխարհին: Լոկ ոգու անմահությունը կարող է հակադրվել մահկանացու լինելու ճակատագրին:
Վերադառնալով հարազատների մոտ Կայենը տեսնում է, որ նրանք պատրաստվում են զոհաբերություններ կատարել: Սակայն զոհաբերությունը խոնարհության նշան է, և նրանք, ովքեր այն կատարում են, նախապես իրենց մեղավոր են հայտարարում: «Ավելի լավ է մեռնել, քան ապրել տառապանքի մեջ»:
Ադան վախեցած է. Աբելը մեղմորեն սկսում է համոզել նրան մասնակցել զոհաբերությանը:
Հայտնվում է Աստված: Նա ընդունում է Աբելի զոհաբերած գառանը, իսկ երկրագործ Կայենի նվիրաբերումը՝ երկրային պտուղները, չի ընդունում: Աբելը խորհուրդ է տալիս նոր ընծաներ բերել Տիրոջը: Կայենն ընդվզում է: Մի՞թե Աստծուն բավականություն է պատճառում դանակի տակ մորթվող կենդանիների արյունը:
Աբելը կրկնում է իր հորդորը՝ ասելով. «Աստված ինձ համար կյանքից առավել թանկ է»: Կայենը ցասման մեջ հարվածում է նրան փայտով:
Աբելը մահանում է: Լսելով զղջացող Կայենի հառաչանքները գալիս են Ադամը և մյուսները: Եվան անիծում է Կայենին, իսկ Ադամը առհավետ վտարում է նրան Կայենի հետ է մնում միայն Ադան: Երկնքից իջնում է Աստծո հրեշտակը և դնում է նրա վրա անջնջելի կնիքը:
 Կայենը և Ադան հեռանում են: Հեռանալով Կայենը ոչ այնքան կատարում է հոր կամքը, որքան ինքն է ընդունում իր պատիժը: Սակայն ըմբոստության ոգին նրա մեջ կոտրված չէ:


Բայրոն | Կայեն | համառոտ Բայրոն | Կայեն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 19, 2015 Rating: 5
Технологии Blogger.