Ժյուլ Լաֆորգ | Բանաստեղծություններ



Փոքրիկ անհավակնոտ աղոթք
Հա՛յր մեր, որ հերկինս էիր…
Պոլ Բուրժե

Հա՛յր մեր, որ հերկինս ես (օ՜հ, վերն՝ այնտե՜ղ… Կապույտ
Անհունությո՛ւն, ինչքա՜ն, ինչքա՜ն ես անքնին),
Զհաց մեր հանապազոր տո՛ւր մեզ… ավելի շուտ
Թույլ տուր, որ մենք մի քիչ նստենք քո սեղանին…

Ի՜նչ, մեզ երեխայի տե՞ղ ես դնում արդյոք,
Որից պետք է պահել ինչ-որ լուրջ է ու խոր,
Եվ քո Կամքին մի՞թե ստրուկ է հարկավոր,
Որպես հերկինս և հերկրի… Օ՜, ի՛նչ դժոխք:

Ա՜հ, գոնե մի՛ տանիր զմեզ ի փորձություն
Ժպիտներով, որ գանք, պաշտենք սիրտդ հստակ,
Եվ թող, որ մեռյալներս, երկրում այս լավագույն,
Խժռենք մեր անկյունում, շնանանք ու խնդանք…

Խժռենք մեր անկյունում, շնանանք ու խնդանք…

Լուսնային տրտունջք՝ գավառում
Ա՜հ, գեղեցիկ լիր լուսնկան
Գանձի նման հսկայական:

Փողն է հնչում երեկոյան,
Անցորդ մի մարդ՝ տեր քահանան:

Դեմն հեծում է մի երգեհոն,
Մի կատու է անցնում մյուս կողմ:

Գավառն արդեն մտնում է քուն:
Դաշնամուրն իր փողկն է փակում,

Արձակելով մի հուսկ ակորդ:
Ժամը քանի՞սը կա արդյոք:

Լուսի՛ն, ի՞նչ բախտ աքսորվածի:
Պե՞տք է ասել միշտ՝ եղիցի՛:

Լուսի՛ն, լուսի՛ն, օ՜, իմաստակ.
Դու նույնն ես միշտ՝ ու՛ր որ լույս տաս:

Երեկ տեսար դու Միսսուրին
Եվ Փարիզի թումբերը հին,

Նորվեգիայի ծոցերն, անգամ
Բևեռ, ծովեր, ի՞նչ իմանամ:

Երջանիկ ա՛ստղ, դու անպայման
Տեսնում ես իր հարսանեկան

Ճամփորդության շքերթն հիմա:
Նրանք մեկնել են Շոտլանդիա:

Ի՜նչ մեծ փորձանք, թե այս ձմեռ
Նա երգերն իմ լուրջի առներ:

Արի՜, լուսի՛ն, թափառ լուսի՛ն,
Մնա՛, ապրենք մենք միասին:

Օ՜, պերճ գիշե՛ր, մեռնում եմ ես,
Գավառն ամբողջ իմ սրտի մեջ:

Եվ լուսինը՝ լավ ծերունի,
Ականջներում բամբակ ունի:

***
Ես՝ կենսասեր մի լուսնասուն,
Ջրում գծում եմ շրջանակ
Եվ չունեմ ես այլ նպատակ,
Քան դառնալ նոր մի դյուցազուն:

Կովազանի պես, դալկահար
Մանդարինի թևքս քշտած՝
Կլորում եմ շրթներս օրհնած
Եվ պատգամում հիսուսաբար:

Ա՜հ, ճի՛շտ, դառնալ նոր դյուցազուն
Նենգ դարերի սեմի վրա,
Բայց Լուսիններն ո՞ւր են հերվա:
Վերստեղծել պետք չէ՞ աստծուն:


Թարգմանությունը՝ Աբրահամ Ալիքյանի

Ժյուլ Լաֆորգ | Բանաստեղծություններ Ժյուլ Լաֆորգ | Բանաստեղծություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 08, 2016 Rating: 5
Технологии Blogger.