Երազի պահեր
Լույսը մարած սենյակիս մեջ,
ուր կը հոսին գալար գալար
հորդ ալիքները մութին,
ու կ’անհետին
արծաթ շողերն երազի,
ես կը փնտրեմ մըտամոլար
ըղձանույշի ձեռքն այն փափուկ, երկնային`
որ պիտի տար ինծի ծաղիկն ըսփոփանքին:
Ես կը փնտրե՜մ,
ըսպասումեն հոգիս համակ պարտասած,
ու տենչանքով մշտահած.
ես կը փնտրեմ,
հորիզոնին վըրա նսեմ,
լույսի շող մը` զոր կը մարեն անդուլ վարանքն ու կասկած:
Ու տակավ,
կ’իջնե ձանձրույթն երազանքիս,
հանդիսավոր ու տրտում,
ու կը պատե իր մըշուշե պարուտակին մեջ հոգիս
անձկությունով անպատում:
Մըտածումը, ինչպես ճամփորդ ուղեկորույս,
կ’անցնի փութով, անձկագին,
երկարաձիգ, մերթ լուսավոր ու մերթ անլույս
ճամփաներեն իմ մտքին:
Ա՜հ, կը շտապեն, կը փախչի՜ն
ճամփաներու լույսերն ամեն,
հանկարծական խուճապի մը մատնըված,
ճառագայթի հազիվ վերջին
բիծ ու խաղեր կը համեն
քովը ճամփուն մթամած`
ուր համագրավ կը տարածվի վեհունի ցայգն համորեն:
Ես կը փնտրե՜մ,
պատըշգամբին վրա կանգուն,
զույգ մը աչքեր` մեղեսիկե, որոնց ճըրագը վառի
հոգվույս մեգ ու խավարի
անդոհության մեջ դժխեմ:
Պատըշգամբին վրա կանգուն,
ձեռքս հոգնաբեկ ճակատիս,
մինչ կը հոսի գիշերն ինչպես ծով անհուն
դեպի ափունքն երազիս`
ես կը սպասեմ հորդ ու վըճիտ լույսերուն,
որոնց բոցը պիտի ցոլա անծիր ցայգուն մեջ հոգվույս:
Թրթռումներ
Լոյսի բիծեր ծիրանի
Կ'ասղնտեն քօղքը մութին.
Լուսնի ցոլքեր կ'անհետին
Խորքը ծովուն հոլանի։
Հըմայքներով փողփողուն,
Հեշտութիւն մը կապոյտի,
Հանդարտօրէն կը Ժպտի
Հոգւոյս մըռայլ տենչերուն։
Սիրոյ յուշեր լուսաւէտ,
Դողդոջուն ու ցնծագին,
Արագօրէն կը ծագին
Հըպարտ կ'անցնիմ երբ քովէդ։
Ըզգացում մը բիւրեղէ,
Ծիածանի երանգով,
Ցաւոտ հոգւոյս մութին քով
Լոյս ակօսներ կը պեղէ։
Իրիկվան ձայներ
Կ’ալեկոծին տարփոտ ձայներն իրիկվան,
հորձանքին մեջ հոգնակոհակ հովերուն.
անրջածուփ, նըվաղ բույրերն երերուն
վերջալույսին մեջ ոսկեզօծ` կը հևան:
Խըրախության աղաղակներ հեշտալուր՝
կը պլլըվին այդ ցնծաձայն նըվագին.
ու կ’անհետին` մեջն այդ ծըփուն հորձանքին`
հեշտերգությանց թույլ ծըվեններ կցկըտուր:
Զիլ գեղգեղներ ու նըվագներ վրդովիչ,
ու ջութակի սարսուռին գիծը կարմիր…
Արևմարքին ծաղիկն, որ չի թառամիր,
ինքն ալ գինով ըզգլխանքեն այս թովիչ:
Աղմըկահար սույլն ու արշավն հովերուն,
հծծյունները ծաղիկներուն խատուտիկ,
բարդիներու խարշափն ու ծափն հանդարտիկ,
և համերգը խանդոտ` գետին մոլորուն:
Կըստվարանա ալիքն հրճվոտ այս ճիչին,
ու կը բախղի հոգվույս պորփյուր քարափին,
ու կ’ոռոգե զիս փրփուրին մեջ ծըփին
երբ խնկագույն լույսերն ինձմե կը փախչին:
Արծաթ լույսերն հիմակ տակավ կը ծաղկին,
ու կը ցայտե թավ հեծեծանքն ուտերուն,
լազվարթ ժամեր լուսնի շիթ շիթ կաթիլքին
մեջ կը թրթռան իրենց համբույրն անանուն…։
Եվ հոգիներ կ’իյնան անոնց ծնրադիր,
սիրերգությանց ըմպած հըմայքն հըրեղեն.
պայեր անոնց միստիք ճամփան կը պեղեն.
ու կը ցնծան լույսով` զենիթ ու նատիր:
Ու կը բացվի փալփլուն` գիշերն երջանիկ,
արձագանգներ կը խաղան դեռ հոս ու հոն.
քերթված մըն է ցայգն համորեն, ջինջ գեղոն`
որ կ’երփներգե ծափ ու ծիծաղ ու ծաղիկ:
Իրիկունը
Սա իրիկունն ըլլայի ես,
եւ հըպէի ճակտին ամէն անցորդի,
չքնաղագեղ ու նըւաղուն յամուրդի
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
Սա իրիկունն ըլլայի ես,
լի երգովը թռչուններուն, մարդերուն,
ու տարրերուն աղաղակովը տրոփուն՝
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
թոյլ, նազենի, շըղարշային, վարդաբոյր,
ու ծըփայի զերթ ոսկեսար վարագոյր
վըրան ամէն հոգիի։
Սա իրիկունն ըլլայի ես,
լի զանգակին ղօղանջներովն երկնաճեմ.
խնկապատար, օծուն, ջահուած Ժամի պէս
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
Սա իրիկունն ըլլայի ես,
իմ անդորրիս մէջ ոգեւար աղջըկան
մարող ճրագին բոցեր տալու իմ ցոլքէս.
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
Սա իրիկունն ըլլայի ես,
լի գոռ ծափովն ովկիանի ջուրերուն.
սիւքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն,
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
Սա իրիկունն ըլլայի ես,
որ կը մարի սատափ բարձին վրայ ցայգուն.
թօթափող վարսքը գունագեղ ու ծփուն,
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագէս.
եւ ամենուն տայի հուրքէս, ոսկիէս։
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես։
Միսաք Մեծարենց | Բանաստեղծություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 24, 2016 Rating: