Բլեզ Պասկալ | Հատվածներ «Մտքերից»



Կուզեի, որ Մուհամմեդի մասին դատեին ոչ թե ելնելով նրա ուսմունքի մութ կողմերից, որ խորհրդավոր իմաստի տեղ են անցկացնում, այլ դրա պարզ ու հստակ դրույթներից, դրախտից ու մնացյալ բաներից: Եվ հենց դրանք են զավեշտալի: Ահա ինչու ճիշտ չի լինի նրա խրթնաբանությունը խորհրդավորության տեղ դնել՝ նկատի ունենալով, որ նրա հստակ խոսքն է հեգնանքի արժանի:

Բանն այլ է Ավետարանի պարագայում: Իհարկե, այստեղ էլ կան մութ մասեր, նույնքան տարօրինակ, որքան Մուհամմեդի դեպքում է, բայց կա և սքանչելի պարզություն, կան ակնառու և կատարված մարգարեություններ: Ուստի իրավիճակներն այստեղ իրար համարժեք չեն: Չպետք է շփոթել ու իրար հավասարեցնել երևույթները, որոնք միմյանց են նման լոկ իրենց մթությամբ և ոչ պարզությամբ, ինչն ակնածալից է դարձնում նաև մութ մասերը:

Մյուս կրոնները, ինչպես հեթանոսականները, առավել ժողովրդականություն են վայելում, քանզի արտաքին կողմն են ապահովում, բայց դրանք ճարտարամիտ մարդկանց համար չեն: Նրանց ավելի կհամապատասխաներ զուտ մտահասու կրոնը, բայց այն չէր ծառայի ժողովրդին: Միայն քրիստոնեական կրոնն է համապատասխանում բոլորին, քանզի միավորում է թե՛ արտաքին, թե՛ ներքին կողմերը: Նա վեհացնում է ժողովրդին ներքուստ և խոնարհեցնում գոռոզամիտներին մինչև իսկ արտաքուստ, առանց այս երկուսի նա կատարյալ չէ, քանզի հարկավոր է, որ ժողովուրդն ըմբռնի տառի ոգին, իսկ ճարտարամիտները տառին ենթարկեն իրենց ոգին:

Ոչ մի ուրիշ կրոն չի առաջարկել մարդուն ատել իրեն. արդ, ոչ մի ուրիշ կրոն չի կարող հաճո լինել նրանց, ովքեր ատում են իրենց և որոնում իսկապես սիրարժան էակի: Եվ նրանք, որ երբևէ չէին լսել խոնարհ Աստծո կրոնի մասին, պիտի ընդունեին այն իսկույն ևեթ:

Թշվառություններից զերծ չեն մարմնավոր հրեաներն ու հեթանոսները, քրիստանյաները՝ նույնպես: Հեթանոսների համար փրկիչ իսպառ գոյություն չունի, քանզի վերջիններս նույնիսկ հույս չեն տածում նրա նկատմամբ: Փրկիչ կա միայն քրիստոնյաների համար:

Թշվառությունը ներշնչում է հուսահատություն:
Հպարտությունը ներշնչում է ամբարտավանություն:
Մարմնավորումը մարդուն ցույց է տալիս իր թշվառության ահագնությունը անհրաժեշտ սպեղանու զորության միջոցով:

Ոչ նսեմությունն է մեզ անընդունակ դարձնում բարության, ոչ էլ սրբությունը՝ պահում չարիքից զերծ:

Չկա մարդուն առավել բնորոշ ուսմունք, քան այն, որը սովորեցնում է նրան շնորհառության ու շնորհազրկության իր կրկնակի ունակության մասին՝ հուսալքության կամ հպարտության կրկնակի վտանգի պատճառով, որին մշտապես ենթարկվում է նա:

Մոնտեն:
Մոնտենի թերությունները մեծ են: Անվայել խոսքեր. դրանք ոչինչ չարժեն, չնայած օր. դը Գուռնեի թափած ջանքերին: Դյուրահավատություն. «աչք չունեցող մարդիկ»: Տգիտություն. «շրջանի քառակուսիացում», «առավել մեծ աշխարհ»: Նրա դատողությունները ինքնակամ սպանության, մահվան վերաբերյալ: Նա անհոգություն է ներշնչում փրկության հանդեպ, «աներկյուղ ու անապաշավ»: Նրա գիրքը կոչված չլինելով բարեպաշտության մղելու, չի պարտավորեցնում, սակայն շարունակ հարկադրված ես լինում դա պահել ուշադրության կենտրոնում: Կարելի է ներել կյանքի ինչ-ինչ հանգամանքների վերաբերյալ նրա փոքր-ինչ ազատամիտ մտքերը, բայց աններելի են նրա կատարելապես հեթանոսական մտքերը մահվան մասին: Քանզի պիտի հրաժարվես ամենայն բարեպաշտությունից, եթե չես ուզում գեթ մեռնել քրիստոնեաբար: Սակայն նրա գրքում իշխում է միայն երկչոտի ու թուլակամի նման մեռնելու միտքը:

Ուժ:
Ինչո՞ւ են մարդիկ հետևում մեծամասնությանը: Արդյո՞ք այն պատճառով, որ վերջինս առավել իրավացի է: Ոչ, քանզի ավելի ուժեղ է:
Ինչո՞ւ են հետևում հին օրենքներին և համոզմունքներին: Մի՞թե այն բանի պատճառով, որ միավորող են և արմատախիլ են անում տարաձայնությունները:

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Արուս Բոյաջյան
Բլեզ Պասկալ, Մտքեր, Սարգիս Խաչենց, 2003

Տես նաև Բլեզ Պասկալ Մտքեր, Միշել դը Լարոշֆուկո Մաքսիմներ և Միշել Մոնտեն Փորձեր
Բլեզ Պասկալ | Հատվածներ «Մտքերից» Բլեզ Պասկալ | Հատվածներ «Մտքերից» Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 20, 2017 Rating: 5
Технологии Blogger.