Ռոմեն Ռոլան | Ժան Քրիստոֆ | համառոտ


Փոքրիկ գերմանական քաղաքում` Կրաֆտ անունով երաժիշտների ընտանիքում, ծնվում է երեխա, որը ցուցաբերում է չլսված երաժշտական ընդունակություններ: Երաժշտություն է լսում ամեն ինչում, քանի որ երաժշտի համար ամեն ինչ երաժշտություն է: Իր մեղեդիներն է ստեղծում: Պապը գրի է առնում դրանք: Յոթամյա Քրիստոֆը դառնում է պալատական երաժիշտ և դրամ է վաստակում ելույթներով:
Ընտանիքում ամեն ինչ չէ, որ հարթ է: Հայրը խմում է, տանուլ է տալիս դրամը: Մայրը ստիպված է լվացարարուհի աշխատել հարուստ տներում: Երեխաները երեքն են: Ավագը Քրիստոֆն է: Ընտանիքին օգնելու համար համերգներ է տալիս ինքնահավան բարձրաշխարհիկների առաջ, իսկ ընտանիքում չի ստանում անհրաժեշտ ջերմությունը: Դառնում է ինքնամփոփ: Չի ցանկանում դառնալ աննշան բյուրգեր:
Մայր ու որդի խնդրում են դքսին, որ նա իրենց տա հոր վարձատրությունը, քանի որ սա տրվում է հարբերցողության և վատնում է ողջ գումարը: Ծանոթանալով Օտտո Դիների հետ՝ Քրիստոֆը կարծում է, թե գտել է ընկեր: Սակայն Օտտոն շատ զգուշավոր է: Դա վանում է ազատատենչ Քրիստոֆին: Առաջին սերը նույնպես հիասթափություն է բերում: Սիրահարվում է հարուստ ընտանիքի աղջկա, և նրան ցույց են տալիս իր տեղը:
Ընտանիքով տեղափոխվում են ավելի համեստ բնակարան: Այստեղ ծանոթանում է խանութի տիրուհի երիտասարդ Սաբինայի հետ: Սիրահարվում են: Սակայն շուտով Սաբինան մահանում է: Հանդիպում է դերձակությամբ զբաղվող Ադային, սակայն վերջինս դավաճանում է նրան իր կրտսեր եղբոր հետ: Քրիստոֆը դարձյալ մենակ է: Հիշում է մորեղբոր խորհուրդը՝ երբեք չմոռանալ ապրել: Որոշում է, որ այսուհետ նա է կյանքի տերը: Սկսում է նոր և «վայրենի» երաժշտություն գրել: Սակայն մարդիկ պատրաստ չեն ունկնդրել այն: Քրիստոֆը քննադատական հոդվածներ է գրում, որտեղ քննադատում է բոլորին՝ երաժիշտներին, կոմպոզիտորներին… Թշնամիներ է ձեռք բերում: Դուքսը վտարում է նրան:
Ծանոթանում է ֆրանսիացի դերասանուհու հետ: Այսպես է ստացվում, որ հայտնվում է Ֆրանսիայում: Գերմանիայում զինվորականների հետ կռվելու և նրանց վնասվածքներ հասցնելու համար նրա դեմ հարուցվում է գործ: Ֆրանսիայում նկատում է, որ ֆրանսիական հասարակությունը գերմանականից ոչնչով ավելի լավը չէ: Ամենուրեք շահամոլություն, կեղծիք, ստորամտություն, անճաշակություն… Գրում է բիբլիական սյուժեով «Դավիթ» սիմֆոնիան, սակայն հանդիսատեսը սուլում է: Հիվանդանում է: Ապաքինվելուց հետո իր մեջ նոր ուժեր է զգում: Որոնում է ֆրանսիացու, որին կկարողանար սիրել այն բանի համար, որ սա սիրում է իր Ֆրանսիան: Նրա ընկերն է դառնում բանաստեղծ Օլիվյե Ժանենը: Նրանք միասին բնակարան են վարձում: Ընկերության մեջ յուրաքանչյուրը ներբերում է իրենը: Ժանենը օգնում է Քրիստոֆին բացահայտել Ֆրանսիայի հզոր ոգին: Նրա օգնությամբ Քրիստոֆի մոտ գալիս է փառքը: Նրան սկսում են գովել մամուլում, հրավիրել հարուստ տներ: Ճաշկերույթներից մեկի ժամանակ Ժանենը սիրահարվում է երիտասարդ Ժակլին Աանժեին: Քրիստոֆը ինքն է բարեխոսում ընկերոջ համար աղջկա հոր մոտ՝ հասկանալով, որ Ժանենի ամուսնությունը կհեռացնի իրենց: Այդպես էլ պատահում է: Նորապսակները մեկնում են գավառ, որտեղ Օլիվյեն դասավանդում է քոլեջում: Ժակլինը վերածվում է դատարկ բարձրաշխարհիկ տիկնոջ, նրանք վերադառնում են Փարիզ, որտեղ նա սիրեկան է գտնում և ի վերջո լքում է ամուսնուն և երեխային: Օլիվյեն փակվում է իր մեջ: Քրիստոֆի հետ նա այլևս ապրել չի կարող:
Քրիստոֆը հանդիպում է հեղափոխականների հետ: Զրուցում և վիճում են: Մայիսի մեկին իր նոր ընկերների հետ գնում է ցույցի և քարշ է տալիս իր հետ Օլիվյեյին: Քաշքշուկի ժամանակ Քրիստոֆը վիրավորում է ոստիկաններից մեկին հենց իր իսկ սրով: Օլիվյեին, որը վատառողջ էր և որը ուշագնաց է լինում, տրորում է ամբոխը: Քրիստոֆը ուզում է, որ իրեն թաղեն ընկերոջ հետ: Երաժշտությունը անտանելի է դառնում նրա համար: Բայց աստիճանաբար նա վերադառնում է կյանք: Գտնում է աշակերտներ, որոնց դասեր է տալիս: Բժիշկը, որից օգնություն էր ստացել, օթևան է տալիս նրան: Քրիստոֆը և բժշկի կինը սիրահարվում են: Դավաճանության միտքը տանջում է նրանց: Փորձում են ինքնասպան լինել: Աննան ծանր հիվանդանում է, իսկ Քրիստոֆը փախչում է քաղաքից: Պատսպարվում է լեռներում, մեկուսի ագարակում, որտեղ ունենում է խորը հոգևոր ճգնաժամ: Ուզում է ստեղծագործել, սակայն չի կարողանում: Բայց հաղթահարում է նաև այս փուլը: Նա հեռանում է ինքն իրենից և մոտենում է Աստծուն: Նրա նոր գործերը ոչ ոք չի հասկանում: Նա հանդիպում է երբեմնի իրեն աշակերտած Գրացիային: Նրանք երազում են ամուսնանալ: Սակայն Գրացիան ունի որդի, որը խանդում է մորը: Նյարդային նոպաներ է ձևացնում, իսկ հետո իսկապես ծանր հիվանդանում է և մեռնում: Գրացիան իրեն մեղավոր է համարում որդու մահվան մեջ և ինքն էլ մեռնում է: Այս տարիներին Քրիստոֆը գրում է իր ամենախորը գործերը: Նրան հաջողվում է ամուսնացնել Գրացիայի դստերը և Օլիվյեի որդուն: Նա արդեն հիվանդ է: Ուժերը լքում են Քրիստոֆին: Նա պառկած է անկողնում և լսում է անտեսանելի նվագախմբի կատարած հիմնը: Հիմնը նվիրված է կյանքին: Հիշում է մորը, ազգականներին, սիրելիներին… Պատրաստվում է միանալ նրանց…
  
Տես նաև Վոլֆգանգ Գյոթե Վիլհելմ Մայստերի ուսումնառության տարիները, Վիկտոր Հյուգո Թշվառները և Գի դը Մոպասան Սիրելի բարեկամ
Ռոմեն Ռոլան | Ժան Քրիստոֆ | համառոտ Ռոմեն Ռոլան | Ժան Քրիստոֆ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 05, 2015 Rating: 5
Технологии Blogger.