Ալեքսանդր Շիրվանզադե | Կյանքի բովից | համառոտ


«Կյանքի բովիցը» Շիրվանզադեի կյանքի հուշագրությունն է: Բաղկացած է երկու մասից: Առաջին մասում ներկայացված է Բաքվի կյանքը, ուր հեղինակը գնում է Շամախից: Ներկայացնում է մանկության շրջանից որոշ դրվագներ:
Վեց տարեկանում, առանց ծնողներին հարցնելու վազում է դրացի Սարգիս վարպետի ուսումնարանը: Վերջինս բողոքականների պարագլուխ էր և հարգված էր բոլորից, անգամ ոչ բողոքականներից: Ծնողները, սակայն, չեն բարկանում նրա վրա և թույլ են տալիս հաճախել դպրոց, այնուհետև գնում է քաղաքային դպրոց: Հայրը՝ Մինասը, ուզում է, որ նա վաճառական դառնա իր նման, դեռ չգիտի, որ սնանկանալու է: Պատմում է հորեղբոր մասին, որն անընդհատ կռիվների մեջ էր և մի օր էլ նրան սպանում են: Տատի մասին գրում է, որ միշտ աղոթում էր այդ անառակ որդու համար: Այնուհետև հեղինակին որոշում են ուղարկել Բաքու, որպեսզի այնտեղ մի բան աշխատի: Գնում է ֆուրգոնով, Բալասի անունով մի տղամարդու և մի կնոջ ու նրա որդու հետ: Տարիներ անց պատահաբար հանդիպում է այդ կնոջը միանգամայն կերպարանափոխված, պարզվում է, որ նրա որդին՝ Ստեփանիկը, հարստացել էր իր մորեղբայրների աջակցությամբ, սակայն ընկնելով վատ շրջան, քայքայել էր առողջությունը, ցնորվել ու մահացել: Շիրվանզադեն Բաքվում բնակվում է մորաքրոջ՝ Մարիամ Աբելյանի մոտ: Այստեղ է ապրում նաև նրա մորեղբայրը՝ Հակոբ Բաբախանյանը, որը օգնում է նրան աշխատանք գտնելու հարցում: Սկզբում Բաքուն հափշտակում է նրան, սակայն մնայուն աշխատանք չի կարողանում գտնել, ամեն տեղ որոշ ժամանակ աշխատելուց հետո հեռացվում աշխատանքից կամ ինքը հեռանում: Սկզբում ոգևորվում է ոմն Կարկուտ Գասպարի խոստումներով, որ նավի վրա նրան աշխատանք է խոստանում, բայց այդպես էլ ոչ մի աշխատանք չի գտնում նրա համար, և Շիրվանզադեն անցնում է գրասենյակային աշխատանքի: Նահանգական ատյանի նրա առաջին իշխանավորը Համբարձում-բեգն էր, որ բարի ու լավ մարդ էր, բայց շուտով հեղինակին տեղափոխում են Աղասի-բեգի մոտ՝ շինարարական բաժին, ամսական ռոճիկով: Սա մի մեծամիտ մարդ է և շուտով հեղինակը գտնում է մի ուրիշ պաշտոն նավթային ընկերության մեջ և հեռանում: Նոր մեծավորը՝ Ստանիսլավ Սիգիզմունդովիչը, ինժեներ է, ազգով լեհ, մեծամիտ, բայց քաղաքավարի: Նա Շիրվանզադեին ուղարկում է Ասրախան: Հեղինակը ուրախանում է, որ ճամփորդելու է ծովով, սակայն այս արկածային ճամփորդությամբ էլ ավարտվում է նրա նոր աշխատանքը, քանի որ վիճում է այն անձի հետ, որի անունով հանձնարարական նամակ էր բերել իր մեծավորից: Այդ անձը ծաղրել էր հայերին: Միևնույն ժամանակ նրա մայրը և քույրերից մեկը Շամախուց գալիս են Բաքու, կարծելով, թե Շիրվանզադեն լավ աշխատանք ունի և կարող է ապահովել նրանց ապրուստը: Շիրվանզադեին գրավում է գրականությունը, կարդում է ամեն ինչ, ինչ ընկնում է ձեռքը: Ալեքսանդր Աբելյանի, Ալեքսանդր Նաջարյանի, Արշակ Քալանթարի և Աբել Ապրեսյանի հետ որոշում են գրադարան բացել, այնտեղ հավաքելով իրենց ունեցած գրքերը: Մարդասիրական ընկերությունը նրանց սենյակ է տալիս, տարեկան 500 ռուբլի՝ գրադարանի ծախսերի համար: Մոսկվայից մի շարք ընտիր գրքեր են բերել տալիս՝ գիտական, փիլիսոփայական, քաղաքատնտեսական բովանդակությամբ: Սակայն երկար ժամանակ չի հաջողվում մնալ պաշտոնում, հեղինակին կանչում են տեղական ժանդարմերիայի գնդապետի՝ Տալդրենի մոտ՝ մեղադրելով նրան հեղափոխական լինելու մեջ, իսկ պատճառն այն էր, որ հեղինակը ծանոթացել էր Կովկաս աքսորված հեղափոխական ուսանողների հետ, թեև ինքը հեղափոխական չէր: Ձերբակալությունից ազատում են, սակայն գրադարանում այլևս թույլ չեն տալիս աշխատել: Բաքվում բարոյապես խեղդվելով՝ հեղինակը որոշում է գնալ Թիֆլիս, որպեսզի այնտեղ զբաղվի գրականությամբ: Հեղինակը խոսում է Բաքվի նավթային արդյունաբերության մասին, մեջբերում իր հոդվածներից որոշ հատվածներ՝ առնչվող բանվորների, մշակների ծանր և անարդար վարձատրվող աշխատանքին: Նշում է, որ Բաքվում ապրելու վերջին 4 տարիների ընթացքում ընկերոջ վերջին կոպեկը գողանալը համարվում էր խելքի ու եռանդի նշան: Այդ հարյուրավոր դեպքերից նա  ընտրել է Անդրեաս Էլիզբարովին և Սաղաթելին՝ «Պատվի համարի» մեջ: Թիֆլիս գնալիս գնացքում ծանոթանում է ոմն Միխայել-բեգ Առուշանովի հետ, որը բժիշկ է (սնխչի, ինչպես ինքն է ասում), և առաջարկում է հեղինակին կոտրված ոտքը նորից կոտրել և բուժել, քանի որ սխալ են բուժել: Գնացք է մտնում մի քահանա՝ տեր Ստեփաննոսը, և ուստա Մուխան ու քահանան վիճում են մշակակակ, թե մեղվական, այն է՝ ազատամիտ, թե պահպանողական՝ Գրիգոր Արծրունու, թե Պետրոս Սիմոնյանցի կողմնակից լինելու թեմայով, սակայն բժիշկը վեճը հարթում է՝ հրավիրելով քահանային միասին ճաշելու: Շիրվանզադեն չի մասնակցում ո´չ վեճին, ո´չ սեղանին: Հեղինակը պատմում է Թիֆլիսում ապրած տարիների մասին: Որոշ գլուխներ նվիրված են առանձին հայ հեղինակների և արտիստների՝ Ղազարոս Աղայան, Գաբրիել Սունդուկյան, Պերճ Պռոշյան, Գամառ-Քաթիպա, Պետրոս Ադամյան ևն: Թիֆլիսում սկզբում իջևանում է Ներսես Աբելյանի մոտ, որտեղ ապրում է նաև Քրիստափոր Միքայելյանը: Այդ ժամանակվա հեղափոխական երիտասարդները հավաքվում էին Առաքել Ծատուրյանի շուրջ, Գրիգոր Արծրունու, Սիմեոն Զավարյանի, Հովհաննես Լոռու-Մելիքյանի և Քրիստափոր Միքայելյանի ղեկավարությամբ, որոնք Կոստանդին Խատիսյանի, Լևոն Սարգսյանի, Գաբրիել Միրզոյանի և այլոց հետ դրեցին դաշնակցության հիմքը, որի նպատակը թուրքահայ ժողովրդին զինելն ու Թուրքիայում ապստամբություն առաջացնելն էր, անկախ Հայաստան ստեղծելը: Քանի որ հնչակյան կուսակցությունը դա չի կարողանում անել, նրանք որոշում են նոր կուսակցություն ստեղծել: Հեղինակը որոշ ժամանակ նրանց հետ է, ապա հեռանում է դաշնակցությունից՝ ներքուստ զգալով, որ այն պիտի լինի սոսկալի փորձանք հայ ժողովրդի գլխին: Բնակարանի հարցը մեծ խնդիր է դառնում հեղինակի համար, քանի որ անընդհատ, տարբեր պատճառներով պայմանավորված, տեղափոխվում է մի տեղից մյուսը: Երկու փափագ ունի՝ ծանոթանալ Գրիգոր Արծրունու և Րաֆֆու հետ: Այդ ժամանակ Րաֆֆին արդեն ընդհարված է լինում Արծրունու հետ գումարի պատճառով, և Րաֆֆու երկերը «Մշակում» այլևս չեն տպվում: Արծրունին Շիրվանզադեին առաջարկում է գրել մի նոր պատմվածք «Մշակի» այդ տարվա վերջին համարների համար: Հեղինակին դուր չի գալիս նրա կինը՝ Մարիամ Մելիք-Աղամալյանը, բժիշկ Քոչարյանի բաժան ամուսինը, որը վատ ազդեցություն ունի Արծրունու վրա: Ավելի ուշ Արծրունին, չկարողանալով  վճարել պարտքը վրաց ազնվականության բանկին, կորցնում է իր հայրական կալվածքը և Մարիամի հետ մի քանի տարով գնում Շվեյցարիա: «Մշակի» հրատարակությամբ ուզում են զբաղվել Րաֆֆին, Ներսես Աբելյանը և Գաբրիել Միրզոյանը, սակայն կառավարությունը խմբագիր չի հաստատում, իմանալով, թե ով է թերթին ուղղություն տալու: Րաֆֆու հետ, որն այդ ժամանակ 45-47 տարեկան է, Շիրվանզադեն ընկերանում է, նրանք ամեն օր հանդիպում են, զրուցում: Րաֆֆին շատ է սիրում ծաղիկներ, ունի հրաշալի ծաղկանոց: Կինը և երեխաները Պարսկաստանում են, բայց հետո գալիս են Թիֆլիս: Ինքը Րաֆֆին ստիպված էր հեռանալ Պարսկաստանից «Հարեմը» գրելուց հետո, այլապես կսպանվեր կամ կձերբակալվեր: Րաֆֆին քիչ է կարդում, լիովին կարդացել է միայն Մխիթարյանների գործերը ինքնուրույն և թարգմանական, նրա գրական-փիլիսոփայական զարգացումը շատ բարձր մակարդակ չունի: Սիրում է Հյուգո և ազդված է նրանից: Հայ պատմագիրների մեջ ամենից շատ սիրում է Փավստոս Բյուզանդին: Հեղինակը նշում է, որ իրեն ծանոթ հայ հեղինակներից ամենից շատ կարդում է Աղայանը: Արծրունին վերադառնում  է Շվեյցարիայից և վերականգնում «Մշակը»: Րաֆֆին սակայն տպվում է «Արձագանքում», որը ղեկավարում է Աբգար Հովհաննիսյանը: Շիրվանզադեն շաբաթաթերթի քարտուղարն ու գլխավոր աշխատակիցն է, սակայն այստեղ ևս երկար չի մնում: Շիրվանզադեն որոշ խնդիրներում համամիտ է Արծրունու գաղափարներին՝ առնչվող թուրքահայերի քաղաքական կացությանը և ձայնակցում է Արծրունուն «Արձագանքի» էջերում հակառակ Աբգար Հովհաննիսյանի ընդդիմության: Թուրքիայից փախչող հայերը սոսկալի եղելություններ էին պատմում սուլթան Համիդի տիրապետության ներքո հեծող ժողովրդի կյանքից: Րաֆֆին մահանում է (1888 թ.) թոքերի բորբոքումից: «Իսկական արևելյան աշխարհաբար գրական լեզվի հիմնադիրը Րաֆֆին է: Խաչատուր Աբովյանի ոճը ես չեմ ընդունում գեղեցկության տեսակետից: Դա ժողովրդական կոպիտ բարբառի և գրական լեզվի խառնուրդ է, զուրկ տարրական նրբությունից: Պռոշյանը շատ բան չավելացրեց Աբովյանի լեզվին: Արծրունու բառարանը հուսահատության չափ աղքատ էր: Ռափայել Պատկանյանի ոտանավորները չէին կարող առատ նյութ մատակարարել հայ լեզվին: Ղազարոս Աղայանը երկարաշունչ գործեր չի տվել», - այսպես է գրում Շիրվանզադեն հայ հեղինակների ու գրականության մասին: Այնպես է ստացվում, որ Շիրվանզադեն դառնում է հնչակյան: Այդ շրջանից է նաև Ղազարոս Աղայանը: Շուտով հնչակյաններից Խաչիկ Վարդանյանին, Աղայանին, Շիրվանզադեին և այլոց ձերբակալում են: Ազատվելուց երկու տարի անց ցարի հրամանով Կովկասի սահմաններից նրանց աքսորում են երկու տարի ժամանակով՝ գնալու վայրը ընտրելու հնարավորությամբ, և Շիրվանզադեն գնում է Օդեսա՝ այսպես վերջացնելով իր հեղափոխական գործունեությունը: Աքսորի ընթացքում տպագրվում է «Քաոսը»: Ավելի ուշ «Պատվի համարը» Բաքվում ներկայացնելու մտադրությամբ գնում է Բաքու: Այնտեղ Ահմեդ-բեգ Աղաևի հետ խորհրդակցության է հրավիրում քսան մարդ՝ թուրք և հայ, ստեղծված լարված հարաբերությունների մասին զրուցելու և միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, սպասվելիք աղետի առաջն առնելու համար: Կարծելով, որ խնդիրը հրապարակ է բերված և չի մոռացվի՝ հետևյալ օրը վերադառնում է Թիֆլիս: 1905թ. հեղինակը ընտանիքով գնում է Եվրոպա՝ Փարիզ: Երկրորդ մասում հեղինակը նկարագրում է Փարիզը: Երեք երեխաները սովորում են: Ստեղծագործել, սակայն, հեղինակին չի հաջողվում: Ուսումնասիրում է թանգարանները, թատրոնները, Փարիզը գիշերը և Փարիզը առավոտյան: Նա շրջում է զանազան վայրեր իրեն այցելած մի հարուստ ընկերոջ՝ Սոմիկոյի հետ, որին երկու անգամ խաբում և թալանում են ֆրանսիացի կանայք: Հայերից հանդիպումներ է ունենում նշանավոր երգչուհի Նադեժդա Պապայանի, Արշակ Չոբանյանի, Մինաս Չերազի, Սիամանթոյի, Գրիգոր Զոհրաբի, Անդրանիկի և այլոց հետ: Վերջինս հիասթափված է դաշնակցականներից, քանի որ դաշնակների համոզմամբ եվրոպական երկրները օգնության էին հասնելու իրենց, մինչդեռ այդ ամենը սուտ է, ոչ մի օգնություն չկա ու չի լինի: Հեղինակը հաճախ լինում է Café Souffét- ում և հիմնականում այնտեղ է հանդիպում տարբեր մարդկանց: Մի քանի անգամ ընտանիքով գնում են Շվեյցարիա: Այնտեղ ծանոթանում է մի նկարչուհու՝ Ժաննետի հետ: Հեղինակը նրա հետ ացկացրած զրույցների հիշողությունը համարում է իր լավագույն երազներից և առաջարկում է ընթերցողին կարդալ «Ալինա» վիպակի վերջին և միայն վերջին էջը, որտեղ նա անդրադարձել է այդ երազին: Հիվանդանում է նրա փոքր տղան՝ Արմենը: Իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող է: Աստիճանաբար հիվանդությունը բարդանում է, տղան բոլորովին կորցնում է սթափությունը: Հոգեբուժարանում նրան չեն կարողանում օգնել, տանը այլևս հնարավոր չէ նրան պահել: Վերջին անգամ են այցելում Շվեյցարիա: Այնտեղ թունավորվում են Շիրվանզադեն, աղջիկը՝ Մարգարիտը և մյուս տղան՝ Ռուբենը: Մի ամիս բժշկվելուց հետո կազդուրվում են և Շվեյցարիայից Իտալիայի վրայով ուղևորվում են Կովկաս 5 տարվա բացակայությունից հետո:

Ալեքսանդր Շիրվանզադե | Կյանքի բովից | համառոտ Ալեքսանդր Շիրվանզադե | Կյանքի բովից | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 27, 2016 Rating: 5
Технологии Blogger.