Ումբերտո Էկո | Վարդի անունը | համառոտ



1968 թ. հայտնի թարգմանչի և հրատարակչի ձեռքն են ընկնում հայր Ադսոնի նոթերը: Ֆրանսիական գրքի տիտղոսաթերթի վրա նշված է, որ այն լատիներեն տեքստի փոխադրություն է, որն իր հերթին վերարտադրում է 14-րդ դարի գերմանացի վանականի ձեռագիրը:
Տարեց վանական Ադսոնը հիշում է 1327 թ. դեպքերը, որոնց ականատեսն ու մասնակիցն է եղել անձամբ: Ֆրանսիայի Լյուդովիկոս կայսրը պայքար է մղում Հռոմի Պապի դեմ, իսկ վերջինս հետապնդում է ֆրանցիսկյան ուխտի վանականներին: Սրանք միանում են Լյուդովիկոսին: Պատանի Ադսոնը ուղեկցում է անգլիացի ֆրանցիսկյան Վիլհելմ Բասկերվիլցուն: Սա Ուիլյամ Օկկամի և Ռոջեր Բեկոնի ընկերն է, ունի վերլուծական հզոր ուղեղ: Պիտի կազմակերպի ֆրանցիսկյանների և կուրիայի ներկայացուցիչների հանդիպումը: Աբբայության ճանապարհին Վիլհելմը զարմացնում է կղերականներին իր դեդուկտիվ մեթոդով՝ կարողանալով գտնել կորած ձիուն: Աբբայության վերակացուն իսկույն խնդրում է Վիլհելմին օգնել պարզելու մենաստանում տեղի ունեցած տարօրինակ մահը: Երիտասարդ վանական Ադելմի դիակը գտնվել է անդնդի հատակին: Հնարավոր է, որ նրան գցել են աշտարակից: Վիլհելմին թույլ են տալիս հարցաքննել բոլորին և դիտել բոլոր վայրերը, բացի գրադարանից: Այստեղ ողջ Եվրոպայից աշխատելու են գալիս թարգմանիչներ, մեկնաբաններ, գրիչներ և այլն: Սակայն գրադարանի մուտք ունեն միայն գրադավարը և նրա օգնականը: Մյուսները աշխատում են հատուկ առանձնասենյակներում: Գրադավարն է որոշում, թե որ գիրքը կարելի է տրամադրել, իսկ որ մեկը՝ ոչ: Չէ՞ որ կան նաև շատ հերետիկոսական գրքեր: Այստեղ Վիլհելմը ծանոթանում է գրադավար Մաղաքիայի հետ, նրա օգնական Բերենգարի, հունարենից մի թարգմանչի՝ Արիստոտելի հետևորդի, Վենանտիուսի և երիտասարդ հռետոր Բենտիուսի հետ: Հանգուցյալ Ադելմը սիրում էր գրքերի լուսանցքներում ծաղրանկարներ անել, ինչը զվարճացնում էր գրիչներին: Սակայն իսկույն հայտնվում էր կույր եղբայր Խորխեն, որն ասում էր, թե ծիծաղը և դատարկաբանությունը մեղք են: Վիլհելմը գալիս է այն եզրակացության, որ Ադելմը ինքնասպանություն է գործել: Նույն գիշերը խոզերի արյամբ լեցուն տակառում գտնում են Վենանտիուսի մարմինը: Մարմնի վրա բռնության հետքեր չկան: Վիլհելմը նկատում է, որ Բենտիուսը և Բերենգարը վախեցած են: Հարցաքննում է նրանց: Իմանում է, որ Ադելմի մահից 2 օր առաջ տեղի էր ունեցել վեճ զավեշտականի վայելչության մասին և որ հավերժական ճշմարտությունները լավ է ներկայացնել կոպիտ ձևերի մեջ: Վեճի ընթացքում Բերենգարը լեզվից թռցնում է գրադարանում պահվող մի գաղտնիքի մասին: Դա կապված է «Աֆրիկա» բառի հետ: Գրադարանի այդ բաժնում պահվող գրքերն ըստ Մաղաքիայի կորած են: Պարզվում է նաև, որ Ադելմը սոդոմական մեղք է գործել Բերենգարի հետ, ինչը ստիպում է նրան ինքնասպանություն գործել: Վիլհելմին թույլ չեն տալիս նայել գրադարանի գրքերը: Գիշերը Վիլհելմը Ադսոնի հետ ստորգետնյա գաղտնի թունելով, որը հայտնի է միայն գրադավարին, վերադառնում է նույն տեղը: Նա հայտնաբերում է գաղտնագրով մագաղաթը, սակայն չի գտնում գիրքը, որը տեսել էր ցերեկը: Գրասենյակում ինչ-որ մեկը կա: Անծանոթը փախչում է. նրա ձեռքին գիրքն է:
Աբբայից իմանում են, որ անհետացել է Բերենգարը: Նրան գտնում են լոգարանում: Նրա մատներին ինչ-որ նյութի հետքեր են մնացել: Լեզուն սևացել է: Նրան թունավորել են: Վանահայր Սևերինուսը պատմում է, որ նա ուներ թույնի լուծույթ, որը հետո կորել է: Լուծույթի մասին գիտեին միայն Բերենգարը և գրադավարը:
Ժամանում են դեսպանությունները:
Վիլհելմը և Ադսոնը թափանցում են գրադարան, որպեսզի կազմեն լաբիրինթոսի գծագիրը: Լաբիրինթոսն ունի տառերի տեսք, որոնք կազմում են երկրների անվանումներ: Կա նաև «Աֆրիկան»: Դա մի սենյակ է, ուր չի հաջողվում մտնել: Դեսպաններից մեկը՝ Բերնարդ Գին, բանտարկում և կախարդության մեջ է մեղադրում բժիշկի օգնականին և մի երիտասարդ աղջկա: Այդ աղջկա հետ հասցրել էր ծանոթանալ նաև Ադսոնը: Հիմա աղջկան սպառնում է խարույկը:
Սևերինուսը հաղորդում է Վիլհելմին, որ գտել է մի տարօրինակ գիրք: Այդ զրույցը լսում է կույր Խորխեն: Բենտիուսը ևս գիտի, որ Սևերինուսը հայտնաբերել է Բերենգարից մնացած ինչ-որ բան:
Կրոնական վերսկսված վեճի ժամանակ լուր է հասնում, որ Սևերինուսը սպանված է: Նրան գտնում են բուժանոցում փշրված գանգով: Վիլհելմը նրա մատներին փորձում է գտնել լուծույթի հետքեր: Նրա ձեռքերին ձեռնոցներ են: Որպես հանցանքի մեղավոր բռնված է Ռեմիգիուսը: Բենտիուսն ասում է Վիլհելմին, որ սպանության պահին ներսում է եղել Մաղաքիան, իսկ հետո աննկատ հեռացել է: Վիլհելմը հասկանում է, որ եթե մարդասպանը Մաղաքիան է, ապա գիրքը գտնվում է լաբորատորիայում: Սակայն նրանք չեն գտնում գիրքը: Այն ընկնում է Բենտիուսի ձեռքը:
Բերնարդ Գին դատում է Ռեմիգիուսին և ստիպում իր վրա վերցնել աբբայությունում բոլոր սպանությունները:
Բենտիուսը Վիլհելմին ասում է, որ չի կարող նրան տալ գիրքը, քանի որ դեռ կարդալ չսկսած վերադարձրել է այն Մաղաքիային և ստացել նրանից գրադավարի օգնականի պաշտոնը: Մի քանի ժամից մեռնում է նաև Մաղաքիան: Նրա մատների և լեզվի վրա սև հետքեր են: Աբբահայրն ասում է Վիլհելմին, որ նա չի արդարացնում սպասելիքները և պիտի լքի աբբայությունը: Վիլհեմլը պատասխանում է, որ իրեն հայտնի է սպանությունների պատճառը: Մեռնում են նրանք, ովքեր ինչ-որ բան գիտեն գրադարանում եղած «Աֆրիկայի սահմանի» մասին:
Վիլհելմը չի շտապում հեռանալ աբբայությունից: Նա Ադսոնի օգնությամբ կարողանում է լուծել գաղտնագիրը, մուտք գործել գաղտնի սենյակը: Այնտեղ նրանց է սպասում կույր Խորխեն: Սա ժամանակին եղել է գրադավար և զգալով, որ կուրանում է, սովորեցրել է առաջին հետնորդին, հետո՝ Մաղաքիային: Բայց ո´չ առաջինը, ո´չ էլ երկրորդը չեն աշխատել առանց իր օգնության: 40 տարի նա գրադարանի տիրակալն է: Որոշ գրքեր նրա համոզմամբ պիտի երբեք չլքեն գաղտնի սենյակի սահմանները: Դրանցից մեկն է Արիստոտելի «Պոետիկայի» երկրորդ մասը, որը համարվում է կորած և առնչվում է զավեշտականին: Խորխեի համոզմամբ Արիստոտելի ուսմունքի հենց այս հատվածը պիտի գաղտնի մնա, որպեսզի նրա հեղինակությունը շարունակի եկեղեցու համար ընդունելի լինել: Խորխեն ցույց է տալիս գիրքը, որը տեսնելու համար կյանքով են հատուցել արդեն 5 մարդ: Վիլհելմը չի վերցնում գիրքը: Նա հասկացել է, որ գրքի էջերը թունավորված են: Նրանք, ովքեր կարդացել են գիրքը, թերթել են այն և թքոտել մատը, որպեսզի թերթեն: Դա առաջ է բերել թունավորում: Խորխեն պատառոտում է գիրքը և արագորեն խժռում է այն: Վիհլեմը փորձում է խանգարել նրան: Ծերունին սկսում է փախչել: Վիլհելմը և Ադսոնը վազում են նրա ետևից, սակայն նրանց ձեռքի ջահը պատճառ է դառնում մեծ հրդեհի:
Ադսոնի աչքի առաջ հսկայական մենաստանից ոչինչ չի մնում: Երեք օրվա հրդեհից հետո վանականները լքում են ավերակը, որպես Աստծո կողմից նզովված վայր:

Տես նաև Ումբերտո Էկո Վեց զբոսանք գրական անտառներում, Պատրիկ Զյուսկինդ Օծանելիք և Արթուր Կոնան Դոյլ Բասկերվիլների շունը

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ումբերտո Էկո | Վարդի անունը | համառոտ Ումբերտո Էկո | Վարդի անունը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 04, 2015 Rating: 5
Технологии Blogger.