Բիթնիկներ


«Բիթնիկներ» (Beatniks կամ The Beats) բառի «beat» արմատը թարգմանաբար նշանակում է հարված, տակտ, ռիթմ, պտույտ, սուսերամարտում հարվածի հատուկ տեսակ, ամերիկյան ժարգոնով` սենսացիա, անբան, ծույլ, ծեծված մարդ, ջազային ժարգոնով` աղքատ, վհատ

Բիթնիկների գրական շարժման առաջնորդ Ջեք Կերուակն իր «Կոտրված սերնդի» ակունքները» հոդվածում նշում է, թե ինչպես 1948 թ-ին կորուսյալ սերնդին կոչել է կոտրված սերունդ: Իր հերթին լրագրող Գերբ Կայենը, ինչպես հիշում են Պոլ Դիքսոնը և Ուիլյամ Լավլորը, ստեղծել է բիթնիկ բառը` փոխառելով խորհրդային «Սպուտնիկ-1»-ի «նիկ» վերջածանցը: «Բիթնիկ» բառը, ըստ էության, ունենալով նշված հիմնական նշանակությունները, ձեռք է բերել նաև հավելյալ իմաստներ` նյույորքյան արտիստական միջավայր, «ամերիկյան երազանքով» հրապուրված երիտասարդություն: Ըստ Կերուակի` ի սկզբանե «բիթնիկ» բառով նշել են աղքատ, հուսալքված, թևաթափ եղած մարդուն: Հետագայում բառն ընդլայնել է նշանակությունը. «բիթնիկները» իրենց աշխարհայացքով առանձնացող մարդիկ են:
Բիթ-շարժումը` որպես հասարակական-մշակութային ալիք, ձևավորվել է ԱՄՆ-ում 40-ական թթ. վերջերից` որպես սուր և նպատակաուղղված հակազդեցություն ժամանակի քաղաքական-հասարակական երևույթներին և նոր կենսակերպ, մտածողություն և մշակույթ ստեղծելու միտում: Ջեք Կերուակը նշում է, որ ««Բիթ-սերունդը» դարձավ Ամերիկայում բարքերի հեղափոխության նշանաբան: Բիթ-կուլտուրան մշակութային բարձրակետը նվաճում է 50-ական թթ.-ին և աստիճանաբար մարում 60-ական թթ. վերջերին:
Բիթ-մշակույթի ծանրության կենտրոնը` գրականությունն էր: Այնպիսի արձակագիրներ և բանաստեղծներ, ինչպիսիք են Ջեք Կերուակը, Ալեն Գինսբերգ, Վ. Ս. Բերրոուզը, Գրեգորի Կորսոն, Դիանա դի Պրիման, Ռոբերտ Կրիլին և Պիտեր Օրլովսկին, մշակեցին ինքնուրույն գեղարվեստական էսթետիկա, կառուցվածքային-կոմպոզիցիոն սկզբունքներ, տեխնիկական հմտություններ և տվեցին իրենց ստեղծագործության կրոնա-փիլիսոփայական հիմնավորումները մի շարք մանիֆեստային հոդվածներում (Ջեք Կերուակ ««Կոտրված սերնդի» ակունքները», «Իմպրովիզային արձակի հիմնական սկզբունքները», «Հավատը և տեխնիկական հնարքները ժամանակակից արձակում, «Պոետիկայի մասին», Հերբ Գոլդ «Բիթնիկների առեղծվածը», Լոուրենս Ֆերլինգետտի «Պոետիկայի մասին», Ալեն Գինսբերգ «Նշումներ «Ոռնոց» և այլ բանաստեղծությունների վերաբերյալ», Գարի Սնայդեր «Պոետիկայի մասին», «Կրոնական միտումների մասին», Լերոյ Ջոնս «Ինչպե՞ս ես դու հնչում», Մայքլ ՄքՔլյուր «Օրագրից»):
Բիթնիկները ոգեշնչվել են ամենատարբեր աղբյուրներից: Այսպես, Գինսբերգն ասում էր, որ լսում է Բլեյքի և Շելլիի ձայները, մեծապես ազդվել է նաև Ուիթմենից. «Ուիթմենը հարատև մնալու է այն լեռը, որի մեծությունն ամբողջովին չի կարող գիտակցվել»: Մայքլ ՄքՔլյուրը ազդվել է Լոուրենսից, Մելվիլից, Ջոն Միլտոնից, Բլեյքից, Արտոյից, Գյոթեից և Դանտեից: Կերուակը հատկապես ազղվել է Գյոթեի «Ֆաուստից», Մարսել Պրուստից, Հեմինգուեյից, Թոմաս Վուլֆից, Լերոյ Ջոնսը՝ Լորկայից, Վիլյամսից, Փաունդից և Չարլզ Օլսոնից: Բիթ-գրականության ձևավորման վրա մեծ ազդեվություն են թողել նաև Թ. Էլիոթը, Էդգար Պոն, իսկ տեսական մակարդակում` Տրիստան Տցարան (դադիզմ), Անդրե Բրետոնը (սյուրռեալիզմ) և Անտոնեն Արտոն (դաժանության թատրոն): Վերջին տարիներին բիթնիկներին հարող հիփսթերները համարում են իրենց «ձեն-հիփսթերներ»: Նրանք կարողանում են համադրել կրոնական այնպիսի իրարամերժ հոսանքներ և այնպիսի դավանանքներ, ինչպիսին են քրիստոներությունը, բուդդիզմը և սուֆիզմը: Բիթնիկները հրաժարվում են պոեզիայում տողատման ավանդական ձևերից, ձգտում են ջազային ռիթմեր ներմուծել չափածոյի մեջ, անչափ ազատ են վարվում կետադրական նշանների հետ, պարզեցնում են արտահայտչաձևերը և նախապատվություն տալիս չինական բանաստեղծական ձևերին: Արձակի մեջ արժևորում են իմպրովիզացիան: Ենթագիտակցության խորքերին հասնելու համար օգտվել են թմրամիջոցներից:

Տես նաև Ֆիլիպո Տոմազո Մարինետտի Ֆուտուրիզմի մանիֆեստ

Բիթնիկներ Բիթնիկներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 17, 2016 Rating: 5
Технологии Blogger.