Արիստոտելի «Աթենական հասարակարգը» բաժանվում է երկու մասի. առաջին 40 գլուխները նվիրված են Աթենքի սահմանադրության պատմությանը, որն ամփոփված է 41-րդ գլխում (աշխատության սկիզբը չի պահպանվել): Երկրորդ մասում Արիստոտելը մանրամասն նկարագրում է Աթենքի՝ իր օրերի հասարակարգը կամ սահմանադրությունը: Արիստոտելը հիշատակում է աթենական սահմանադրության 11 փոփոխություն, ընդ որում՝ Աթենքը բնակեցնող առասպելական Իոնի հասարակարգն այս 11-ի մեջ չի մտնում՝ համարելով այն ելակետային, որի առաջին, թեթևակի փոխողը, ըստ Արիստոտելի՝ նույնպես առասպելական Թեսևսն էր: Դրանից հետո գալիս է Դրակոնի սահմանադրությունը, երբ կազմվեց օրենքների առաջին ժողովածուն: Երրորդը՝ Սոլոնի հասարակարգն էր, ու սրանից է սկիզբ առնում դեմոկրատիան: Չորրորդը՝ Պիսիստրատոսի տիրանությունն էր, հինգերորդը՝ Կլիսթենեսի սահմանադրությունն էր, որն ավելի դեմոկրատական է, քան Սոլոնինը: Վեցերորդը պարսկական պատերազմներից հետո հաստատված Արեոպագոսի խորհրդի իշխանությունն էր: Յոթերորդը՝ Արիստիդեսի ուրվագծված սահմանադրությունն էր, որ Էփիալտեսը կատարևելագործեց՝ տապալելով Արիոպագոսի բռնակալությունը: Ութերորդը՝ 400-ի իշխանությունն էր, որին հետևեց իններորդ՝ վերականգնված դեմոկրատիան: Տասներորդը՝ 30-ի և երկու 10-ի տիրանությունն էր: Տասնմեկերորդը՝ վերջնապես հաստատված դեմոկրատիան էր, որն արդեն ամեն բան ղեկավարում էր քվեարկությամբ՝ թե՛ Ժողովում, թե՛ դատարաններում, ու այս անգամ արդեն գերագույն իշխանությունը մասնատված-փոխանցված էր բոլոր տեսակի դատարաններին, այսինքն՝ գերագույն ու կենտրոնացված իշխանության մենաշնորհ չկար: Ու նույնիսկ տեղական՝ ցեղային դատարանները հույժ մեծաթիվ էին, կազմված 40 կամ 201 դատավորից, լուրջ գործերը լսվում էին 500 դատավորից կազմված դատարաններում, ավելի կարևոր գործերը՝ 1000 դատավորանոց կազմով, իսկ հատուկ կարևորության գործերը՝ եռակազմ, այսինքն՝ 1500 դատավորի կազմով, որն էլ, ի դեպ, ուներ մեր օրերի սահմանդրական իրավունքների նմանատիպ՝ պաշտպանելով ընդհանուր կարգի «սահմանադրական» գերակայությունը: Աթենական դատարանների այսօրինակ վիթխիարությունը նշանակալի է, եթե հիշենք, որ Աթենքի քաղաքացիների թիվը մոտ մոտ 30 000 է: Ինչպես Արիստոտելն է նշում. «թվում է, թե սա խելամիտ բան է, քանզի փոքրաթիվ կառույցներն ավելի են ենթակա ապականության, լինի դա կաշառքի, թե ինչ-որ այլ ազդեցության ձևով, քան մեծաթիվները»: Գերագույն իշխանությունը, այնուամենայնիվ, ժողովրդական հավաքինն էր, որը փաստորեն, մշտական գործող մի հանրաքվե էր (ռեֆերենդում): Բոլոր պաշտոնյաներն իրենց պաշտոնավարությունն ավարտելուց հետո հաշվետու էին դատարանների առաջ (10-րդ գլուխ), բայց աթենացիները դա բավարար չէին համարում և տարին մեկ անգամ Գերագույն հավաքում ժողովուրդը պետք է հաստատեր պաշտոնյաների ծառայությունը շարունակելու իրավունքը, եթե նրանք իրենց գործը կարգին էին անում: Արեոպագոսի խորհուրդն էր դատում բոլոր պաշտոնյաներին, հատկապես նրանց, ովքեր փող էին տնօրինում: Մասնավոր անձինք նույնպես իրենք կարող էին, իրենց հայեցողությամբ, կասկածել ամեն պաշտոնյայի օրինապահ լինելուն և այստեղ նույնպես դատարան դիմելու կարգ կար, եթե Խորհուրդը հայտարարեր, որ մեղադրանքն ապացուցված է (41-րդ գլուխ):
Բոլոր իշխանավորներն ընտրվում էին վիճակահանությամբ, բացի զինվորական պաշտոններից, որոնք ընտրում էին բաց քվեարկությամբ: Բաց քվեարկությամբ էին ընտրվում նաև պաշտոնեության թեկնածուները, բայց օրինակ, նույնիսկ դատական նիստերն սպասարկող պետական ստրուկները նորից վիճակահանությամբ էին ընտրվում, որպեսզի չարաշահության ոչ մի հնարավորություն չլինի: Ամեն քաղաքացի իրավունք չուներ պաշտոնյա դառնալ: Կարևոր պաշտոններում (օրինակ՝ դատավորի) ընտրվելու համար, վիճակահանությանը մասնակցում էին միայն երեսունը լրացած քաղաքացիները, իսկ հիպարքոս՝ հեծյալ հրամանատար, բաց քվեարկությամբ ընտրում էին այն անձանց, ում ունեցվածքը զերծ էր պարտքերից ու հարյուր մինայից պակաս չէր, ու ովքեր ունեին օրինական ամուսնությունից ծնված ու տասը տարին լրացած զավակներ (4-րդ գլուխ):
Ոչ ոք նույն պաշտոնը երկուսից ավելի անգամ զբաղեցնելու իրավունք չուներ, մինչև բոլորը հերթով զբաղեցնեին դա: Աթենացիները հույժ կարևոր էին համարում քաղաքացիական ակտիվությունն ու մեխանիզմներ էին մշակել այդ ակտիվությունը վայելուչ մակարդակի վրա պահելու համար: Օրինակ, եթե Խորհրդի որևէ անդամ ի վիճակի չէր լինում մասնակցելու Խորհրդի կամ Հավաքի նիստերին, տուգանք էր վճարում՝ երեք դրաքմե, եթե պենտակոսիոմեդիմնոս էր՝ երեք դրաքմե, եթե հեծյալ էր՝ երկու և եթե զևգիտես էր՝ մեկ: Իսկ քաղաքացիական երկպառակությունների ժամանակ, եթե քաղաքցիներից ինչ-որ մեկը զենքը ձեռքին չէր միացել կողմերից որևէ մեկին, պետք է զրկվեր քաղաքացիությունից: Ձեռնպահ մնալու իրավունք չկար:
Աթենական հասարակարգում մեծ կարևորություն էր տրվում քաղաքացիական պարտականությունների կատարմանը: Կար հաշտարար դատավորների ինստիտուտ, ու եթե աթենական քաղաքացին հասնելով հաշտարարի տարիքին, հրաժարվում էի այդ պարտականությունից, զրկվում էր քաղաքացիության իր իրավունքից: Հաշտարարը չպիտի ցածր լիներ 59 տարեկանից, որպեսզի ունենար կյանքի փորձ և գիտելիքներ և ազատ լիներ զինապարտությունից:
Հույժ կարևոր համարելով մասնավոր սեփականությանը և ազատ մրցակցությանը վերաբերող հարցերը, աթենացիները պատժում և դատում էին այն քաղաքացիներին, ովքեր խոստումնազանց էին լինում: Սա, փաստորեն, Դևիդ Հյումի նշած պայմանագրային պարտավորությունները կատարելու ինստիտուտն է, որը կարելի է անվանել նաև «ազնվության սկզբունք»: Հին աթենացիները առաջին անգամ ձևակերպեցին անմեղության կանխավարկածը, մոտավոր՝ իհարկե, պնդելով, որ ոչ ոք, նույնիսկ Արեոպագոսի խորհուրդն իրավունք չունի որևէ մեկին դատապարտելու առանց դատարանի վճռի:
Տես նաև Մետաֆիզիկա և Պոետիկա
Արիստոտել | Աթենական հասարակարգը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 29, 2017 Rating: