Խորխե Լուիս Բորխես | Ակուտագավա Րյունոսկե



Թալեսը չափում էր բուրգից ընկած ստվերը, որպեսզի հաշվարկի նրա բարձրությունը. Պյութագորասն ու Պլատոնը ուսուցանում էին հոգու վերաբնակեցման մասին, յոթանասուն մեկնիչները, որ սփռված էին զատ-զատ Փարոս կղզում, յոթանասունամյա անընդմեջ աշխատանքից հետո արեցին Հնգամատյանի բացարձակ միանման թարգմանություններ:  
Վերգիլիոսը «Գեորգիկների» երկրորդում փառաբանեց չին վարպետների մշակած նրբագույն մետաքսը, իսկ օրերս հեծյալների մի խումբ Նուենոս Այրեսի ծայրագավառից մարտնչում էր պարսկական «պոլո» խաղի առաջնության համար: Արժանահավատ են դրանք թե պարականոն, բոլոր տարաբնույթ տեղեկությունները, որոնք ես հենց նոր մեջբերեցի (և ի հավելումն որոնց,անհամար այլ բաների կողքին արժե հիշատակել Աթիլլի հայտնվելը, «Մեծ Էդդայի» երգերում),- և դրանք միմյանց հաջորդող խճճված, բազմադարյան և ցայսօր չավարտված փուլերի գործընթացը ցուցանող ուղենիշներն են` Արևելքի հայտնագործումը Արևմուտքի ժողովուրդների կողմից: Այդ գործընթացն ունի, և հասկանալի է, որ ունի հակառակ կողմը` ինքն Արևմուտքն է հայտնագործվել Արևելքի կողմից: Դրանց թվում են դեղնազգեստ քարոզիչները, որոնց բուդդիստական կայսրը ուղարկել էր Ալեքսանդրիա, քրիստոնեական Իսպանիայի զավթումը իսլամի մարտիկների կողմից և Ակուտագավայի դյութիչ, իսկ երբեմն սահմռկեցուցիչ գրքերը:
Հստակորեն տարբերակել արևելյանն ու արևմտյանն Ակուտագավայի պարագայում, թերևս, անհնար է, և հենց տերմիններն էլ, ի վերջո, միմյանց չեն բացասում` քրիստոնեությունը, որը սեմիտների ժառանգությունից է ծագում, այսօր բնորոշում է Արևմուտքը: Եվ համենայն դեպս, ես չէի վիճի այն պնդման դեմ, թե Ակուտագավայի թեմաներն ու զգացմունքներն արևելյան են, իսկ պոետիկայի որոշ հնարքներ` արևմտյան: Այսպես, օրինակ` «Կես և Մորիտո» և «Ռասյոմոն» նովելներում մեր առջև տարբեր հերոսների պատմած միևնույն սյուժեի մի քանի տարբերակներ են, հնարք, որը գործածել է Բրաունինգը «Մատանին և գիրքը» երկում: Ընդհակառակը, մի տեսակ թաքուցյալ պատմությունը, ուշադրությունն առ արտաքինի, նրբագծի թեթևությունը, ինձ թվում է` ամենայն` ամենայն թարգմանության անխուսափելի թերացումների հետ մեկտեղ, տիպիկ ճապոնական հատկանիշներ են: Ակուտագավայի էջերում սփռված է անսովորն ու զարհուրելին, սակայն ոչ նրա ոճում, որը միշտ պահպանում է թափանցիկությունը:
Ակուտագավան ուսումնասիրում էր անգլիական, գերմանական և ֆրանսիական գրականությունները, նրա թեկնածուական դիսերտացիայի թեման Ուիլյամ Մորիսի ստեղծագործությունն էր. Նա մշտապես անդրադառնում էր Շոպենհաուերին, Յեյթսին և Բոդլերին: Կարևորագույն խնդիրներից մեկը, որ նա իր առջև դնում էր` իր ժողովրդի ավանդույթների և սովորույթների նոր, հոգեբանական մեկնաբանությունն էր:
Ըստ Թեքքերեյի` Սվիֆթի մասին մտածելը` նույնն է, թե մտածես կայսրության անկման մասին: Հենց այդ ամենակուլ քայքայման և հոգեվարքի ընթացքն է բացում ընթերցողի առաջ, այս գիրքը կազմող երկու վիպակներում: Առաջինում հեղինակը դիմում է մարդկային ցեղի դատափետմանըֆանտաստիկ կենդանիների երևույթի ներքո, Անատոլ Ֆրանսի պինգվինները կամ էլ արտասովոր արքայությունները, որոնցով ճամփորդում է հայտնի բուդդիստական այլաբանության քարե կապիկը: Պատմելու ընթացքում Ակուտագավան մոռանում է երգիծական ժանրի պայմանականությունների մասին, կապպաները նրա մոտ դառնում են մարդիկ և դույզ ինչ չվարանելով` Մարքս, Դարվին ու Նիցշե են ցիտում: Ըստ գրականության կանոնների` դա, իհարկե, վրիպանք է, բայց իրականում վիպակի վերջին էջերը տոգորված են անարտահայտելի մելամաղձության, քանզի զգում ես, որ հեղինակի երևակայության մեջ ամենայն ինչ խամրում է` թե շրջապատող իրականությունը և թե իր սեփական արվեստի երազանքները: Քիչ անց Ակուտագավան վերջ տվեց կյանքին. «Ջրոգիների երկրում»-ի եզրափակիչ հեղինակի համար` կապպաների և մարդկանց աշխարհը, աշխարհ, որն ապրում է առտնին հոգսերով և գեղագիտության կանոններով` հավասարապես անիմաստ է ու վաղանցուկ: Նրա գիտակցությունը գրավող մթամածությունը վկայող առավել ակնառու փաստ է «Ատամնանիվներ» վիպակը: Ինչպես Ա. Սթրինբերգի «Դժոխքը», այս վիպակը` ուղեղի մթագնության անողոք և մեթոդիկ օրագիր է:
Ես կասեի, որ երկու մշակույթների հանդիպումը անխուսափելիորեն ողբերգական է: 1868 թվականին ձեռնարկած ցատկից հետո Ճապոնիային հաջողվեց դառնալ խոշորագույն ռազմական տիրություններից մեկը, պարտության մատնել Ռուսաստանին և դաշինք կնքել Մեծ Բրիտանիայի և երրորդ Ռեյխի հետ: Հրաշքի հանգույն նորոգմանը հետևեց, բնականաբար, կործանարար և տանջալից հոգևոր ճգնաժամը: Այդ կերպափոխության հանճարներից և զոհերից մեկը դարձավ 1927 թվականի հուլիսի 24-ին կյանքից հեռացած Ակուտագավան:



Թարգմանությունը ռուսերենից՝ Վարդան Ֆերեշեթյանի
Խորխե Լուիս Բորխես | Ակուտագավա Րյունոսկե Խորխե Լուիս Բորխես | Ակուտագավա Րյունոսկե Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 12, 2016 Rating: 5
Технологии Blogger.