Ուիլյամ Շեքսպիր | Ձմեռային հեքիաթ | համառոտ


Պիեսը սկսվում է մանկության երկու ընկերների՝ Սիցիլիայի թագավոր Լեոնտեսի՝ և Բոհեմիայի թագավոր Պոլիքսենեսի զբոսանքի տեսարանով: Պոլիքսենեսը այցելում է Սիցիլիայի թագավորություն և իր հին ընկերոջ հետ վայելում է ժամանակը: Սակայն ինն ամիս անց Պոլիքսենեսը որոշում է վերադառնալ իր թագավորություն` գործերը կարգի բերելու և որդուն տեսնելու: Լեոնտեսը եռանդուն կերպով փորձում է համոզել Պոլիքսենեսին ավելի երկար մնալ, բայց՝ իզուր: Այդ ժամանակ Լեոնտեսը որոշում է կնոջը՝ Հերմիոնեին ուղարկել համոզելու Պոլիքսենեսին: Հերմիոնեն համաձայնում է և կարճ զրույցից հետո Պոլիքսենեսը մնում է: Լեոնտեսին անհանգստացնում է այն, թե ինչպես Հերմիոնեն կարողացավ այդքան հեշտությամբ համոզել Պոլիքսենեսին և սկսում է կասկածել, որ իր հղի կինը հարաբերություններ է ունեցել Պոլիքսենեսի հետ, իսկ երեխան ապօրինի է: Լեոնտեսը հրամայում է Կամիլլոյին՝ Սիցիլիայի լորդին, թունավորել Պոլիքսենեսին: Փոխարենը Կամիլլոն զգուշացնում է վտանգի մասին Պոլիքսենեսին, և նրանք միասին փախչում են Բոհեմիա: Կատաղած նրանց փախուստից՝ Լեոնտեսը հրապարակավ մեղադրում է կնոջը անհավատրմության մեջ և հայտարարում է, որ երեխան, ում կրում է իր կինը, ապօրինի է: Նա Հեմիոնեին բանտ է նետում՝ հակադրվելով ազնվականների բողոքներին և իր լորդերից երկուսին՝ Կլեոմենեսին ու Դիոնին, ուղարկում է Դելփիքի պատգամախոսի մոտ՝ համոզված լինելով, որ վերջինս կարդարացնի իր կասկածները: Այդ ընթացքում թագուհին աղջիկ է լույս աշխարհ բերում, և նրա հավատարիմ ընկերը՝ Պաուլինան երեխային տանում է արքայի մոտ՝ հույս ունենալով որ երեխան կմեղմի նրա սիրտը: Արքան ավելի է բարկանում և հրամայում է Պաուլինայի ամուսնուն՝ լորդ Անտիգոնուսին տանել երեխային և թողնել նրան ամայի մի վայրում: Կլեոմենեսը և Դիոնը վերադառնում և գտնում են Հերմիոնեին հրապարակավ ստորացված և դատաստանի առաջ հայտնված: Նա պնդում է իր անմեղությունը և խնդրում է դատից առաջ կարդալ գուշակի խոսքը: Գուշակը հաստատում է, որ Հերմիոնեն և Պոլիքսենեսը անմեղ են, Կամիլլոն ազնիվ մարդ է, և որ Լեոնտեսը չի ունենա ժառանգորդ մինչև իր կորուսյալ դուստրը չգտնվի: Լեոնտեսը չի հավատում հայտնությանը: Երբ լուրը տարածվում է, հայտնի է դառնում, որ Լեոնտեսի որդին՝ Մամիլիուսը մահացել է՝ իր մոր հանդեպ անարդար մեղանդրանքների հետևանքով առաջացած հյուծող հիվանդությունից: Հերմիոնեն ուշագնաց է լինում և Պաուլինան տանում է նրան, ապա հայտնում է թագուհու մահվան մասին վերջինիս սրտաբեկ և հուսահատ ամուսնուն: Լեոնտեսը ողբում է՝ իր մնացյալ օրերը անցկացնելով զղջման մեջ:Այդ ընթացքում, Անտիգոնուսը թողնում է նորածնին Բոհեմիա ծովափին՝ հայտնելով որ երազում տեսել է Հերմիոնեին, ով խնդրել է նրան դստերը Պերդիտա անվանել: Անտիգոնուսը երեխայի մոտ է թողնում թսկով և զարդերով մի տուփ, որոնք վկայում էին երեխայի ազնվական ծագման մասին: Հանկարծ կատաղի փոթորիկ է սկսվում՝ վնասելով այն նավը, որով եկել էր Անտիգոնուսը: Նա խղճում էր երեխային, բայց փախչում է: Բարեբախտաբար Պերդիտային փրկում են հովիվն ու իր որդին, վերջինիս նաև «Ծաղրածու» են անվանում:
Գալիս է «Ժամանակը» և ազդարարում, որ արդեն 16 տարի է անցել: Կամիլլոն, ով ծառայում է Պոլիքսենեսի մոտ, աղաչում է Բոհեմիայի թագավորին թույլ տալ իրեն վերադառնալ Սիցիլիա: Պոլիքսենեսը մերժում է նրան և հայտնում, որ իր որդին արքայազն Ֆլորիսելը սիրահարված է մի գեղեցիկ հովվուհու՝ Պերդիտային: Նա առաջարկում է Կամիլլոյին գլխից հանել տան մասին մտքերը: Նրանք ծպտվում են և գնում են ոչխարների խուզման տոնակատարությանը, որի ընթացքում Ֆլորիսելը և Պերդիտան պետք է նշանադրվեն: Ծեր հովիվը իր երախտագիտությունն է հայտնում ոսկով արկղիկի համար, որ գտել էր տարիներ առաջ: Վաճառական Ավտոլիկոսը թռցնում է երիտասարդ հովվի գրպանից և տարբեր կերպարանքներով զվարճացնում է հյուրերին՝ վաճառելով զարդեր և երգելով անպարկեշտ երգեր: Ծպտված Պոլիքսենեսը և Կամիլլոն նայում են Ֆլորիսելին, ով ներկայանում է որպես հովիվ Դորիկլես: Տեղի է ունենում Պերդիտայի նշանադրությունը: Հետո պատռելով դիմակը, Պոլիքսենեսն ընդհատում է ծիսակատարությունը՝ սպառնալով Ծեր հովվին և Պերդիտային կտտանքներով և մահով, ապա արգելում է որդուն երբևէ հանդիպել հովվի դստեր հետ: Կամիլլոյի օգնությամբ, ով կարոտով սպասում է այն օրվան, երբ նորից կտեսնի իր հայրենի երկիրը, Ֆլորիսելը և Պերդիտան նստում են Սիցիլիա գնացող նավը, ծպտվելով Ավտոլիկոսի զգեստներով: Նրանց են միանում նաև Ծեր հովիվը և իր որդին, որոնց երիտասարդների փախուստի մասին հայտնել էր Ավտոլիկոսը: Սիցիլիայում, Լեոնտեսը դեռ սգում է: Կլեոմենեսը և Դիոնը խնդրում են վերջ տալ անիմաստ զղջմանը, քանի որ թագավորությանը ժառանգ է հարկավոր: Մինչդեռ Պաուլինան պնդում է, որ արքան պետք է շարունակի ինքն իրեն պատժել, մինչև ինքը կին կգտնի վերջինիս համար: Լեոնտեսը Ֆլորիսելին և Պերդիտային դիմավորում է մեծ ոգևորությամբ: Ֆլորիսելը ձևացնում է, որ հայրն է իրեն ուղարկել դիվանագիտական առաքելությամբ, սակայն ամեն բան պարզվում է, երբ Պոլիքսենեսը և Կամիլլոն նույնպես ժամանում են Սիցիլիա: Երկու արքաների և արքայազնի հանդիպումը և հաշտեցումը տեղի է ունենում Սիցիլիայի դատարանի ջենթլմենների ազդարարմամբ: Նրանք պատմում են թե ինչպես է Ծեր հովիվը մեծացրել Պերդիտային, ինչպես է Անտիգոնուսը մահացել, որքան երջանիկ է Լեոնտեսը դստեր հետ վերամիավորման կապակցությամբ և թե ինչպես է նա աղաչում Պոլիքսենեսին, որ վերջինս ների իրեն: Արքան ազնվականի կոչում է տալիս Ծեր հովվին և նրա որդուն, Ավտոլիկոսը ներողություն է խնդրում սրիկայություն համար: Այնուհետև Լեոնտեսը, Պոլիքսենեսը, Կամիլլոն, Ֆլորիսելը և Պերդիտան գնում են Պաուլինայի տուն, որտեղ կանգնեցրել են Հերմիոնեի արձանը: Կնոջ արձանը Լեոնտեսի սիրտը խորը դառնությամբ և ցավով է լցնում, բայց հետո ի զարմանս բոլորի, արձանը կենդանության նշաններ է ցույց տալիս՝ Հերմիոնեն երջանիկ է: Պիեսն ավարտվում է Ֆլորիսելի և Պերդիտայի ամուսնությամբ և բոլորը տոնում են այդ հրաշքը:

Ուիլյամ Շեքսպիր | Ձմեռային հեքիաթ | համառոտ Ուիլյամ Շեքսպիր | Ձմեռային հեքիաթ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 26, 2018 Rating: 5
Технологии Blogger.